Հայաստանի
խորհդրարանում կրքեր են բորբոքվել նախօրեին Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակի
և Ռուսաստանի կողմից հանրապետությանը տրամադրվող անվտանգության երաշխիքների միջև
ուղղակի կապի վերաբերյալ «Ռոսիա սեվոդնյա» միջազգային գործակալության ղեկավար
Դմիտրի Կիսելյովի հայտարարության շուրջ:
Այդ հայտարարությունն
այնքան է վրդովել ՀԱԿ խմբակցության
պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս պահանջել է Հայաստանում անցանկալի անձ հայտարարել
ռուսաստանցի լրագրողին: «Ես կարծում եմ, որ Հայաստանի ԱԳՆ պետք է քննարկի Դմիտրի
Կիսելյովին Հայաստանում անցանկալի անձ հայտարարելու հարցը: Կարծում եմ, որ
Հայաստանի Հանրապետությունը պետք է օտարերկրացիներին ուղերձ հղի առ այն, որ մեր
նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորող ամեն մի օտարերկրացի հստակ հակահարվածի
կարժանանա», - հայտարարել է Փաշինյանը:
Ի պատասխան` ՀՀԿ
խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը, ով ներկա է եղել երեկվա քննարկումներին,
երբ Կիսելյովը հանդես է եկել ռուսաց լեզվի վերաբերյալ հայտարարությամբ, նկատել է.
«Ոչ մի նման բան չի եղել, ինչի մասին խոսում էր Փաշինյանը: Քննարկումների ժամանակ
ոչ մի վիրավորական հայտարարություն չի հնչել: Քննարկումն ընթացել է փոխադարձ
հարգանքի մթնոլորտում, և հայ պատգամավորները,
լսելով հյուրերի կարծիքը, նույնպիսի տեսակետ են հայտնել»:
Լսելով պատգամավորներին`
խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը նշել է, թե այլևս ձայնի իրավունք չի տա այդ
հարցի առնչությամբ, քանի որ քննարկումն սկսվել է ինքնաբուխ` կանոնակարգի
շրջանցմամբ: «Եթե կա այդ հարցը քննարկելու
անհրաժեշտություն, դա կարելի է անել նիստից
հետո», աասել է նա:
Այդուհանդերձ, փոխխոսնակ
Հերմինե Նաղդալյանը, ով նույնպես ներկա է եղել երեկվա քննարկմանը, արտահերթ ձայնի
իրավունք է ստացել: «Ռուս-հայկական
բարեկամության պատգամավորական ակումբը բանավեճի ամբիոն է, որտեղ պետք է լինի և կա
տարբեր տեսանկյուններ արտահայտելու հնարավորություն: Բոլոր ներկա պատգամավորները,
տեղեկատվական կորպուսի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն
ակտիվորեն մասնակցել են քննարկմանը: Այնտեղ վիրավորանք չի եղել»:
Հարցին անդրադարձել է նաև
ՀՅԴ պատգամավոր Աղվան Հովսեփյանը, պահանջելով, որպեսզի այսօրվանից ԱԺ բոլոր
քննարկումներում, հանդիպումներում և ակումբներում
պահպանվի պետական լոզվի կարգավիճակը և ապահովվի թարգմանություն: «Դա Ազգային
ժողովի հեղինակության հարց է», - հավաստիացրել է նա:
Ելույթ է ունեցել նաև
նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով, մասնավորապես, նշել է, որ այդ
քննրակումներին պետք է ներկա լինեն նաև ընդդիմության պատգամավորներ`
վիրավորողներին արժանի հակահարված տալու համար: «Բաբուխանյանը, պարզապես, ստում է,
քանի որ հանդիպման տեսագրությունը զետեղված է ինտերնետում, և այնտեղ հստակ դիտվում
են վիրավորական, ցինիկ և հայոց պետականության համար սպառնալի հայտարարություններ»:
Տեսնելով, թե ինչպես են
կրքերը բորբոքվում, խոսնակը նշել է, որ անպայման կուսումնասիրի տեղի ունեցածի
մանրամասները: Նա նաև խոստացել է, որ խորհդրարանում միջոցառումները կընթանան հայերեն:
«Եկեք այստեղ պատերազմ չհայտարարենք», - հայտարարել է խոսնակը` փորձելով մեղմել
Արզումանյանի հետ Բաբուխանյանի բանավեճը:
Նախօրեին Հայ-ռուսական
բարեկամության ակումբի հերթական նիստում, որին ներկա են եղել Դմիտրի Կիսելյովն ու
Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, բանավեճ է տեղի ունեցել, որն
սկսվել է Ռուսաստանի կողմից ԼՂՀ ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ պատգամավոր
Հայ Բաբուխանյանի հայտարարությունից, ինչին ի պատասխան Կիսելյովը, մասնավորապես,
նշել է, որ Մոսկվան ԼՂՀ կարող է ճանաչել Երևանից հետո միայն: Նրա ասելով,
Ռուսաստանի անմիջական միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը ինքնաբերաբար
կհանգեցնի պատերազմի: Այնուհետև նա նշել է, որ եթե Հայաստանը ցանկանում է
Ռուսաստանից անվտանգության երաշխիքներ, ապա նա պետք է առավելագույնս խթանի ռուսաց
լեզվի տարածումը հանրապետությունում: Մինչդեռ, ռուսաստանցի լրագրողի կարծիքով,
ռուսաց լեզուն Հայաստանում աստիճանաբար դեգրադացիա է ապրում, չկան ռուսական
դպրոցներ: «Ռուսերենի օտարումը Հայաստանում նշանակում է Ռուսաստանից օտարացում,
նստում ես տաքսի, տաքսիստը ռուսերեն չի հասկանում: Հարկավոր է անկեղծ լինել,
ռուսաց լեզվի վերադարձը բխում է Հայաստանի շահերից: Եթե ռուսերենը Հայաստանում
դեգրադացիա է ապրի, կնվազեն նաև նրա անվտանգության երաշխիքները Ռուսաստանի կողմից: Այժմ աշխարհում պայքար է
ծավալվել հանուն Ռուսաստանի, այնպես որ Հայատսանը պետք է մտածելու բան ունի:
Նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարելով եվրասիական միությանն ինտեգրվելու Հայաստանի
ցանկության մասին, նշել է, որ ինտեգրումը պետք է իրականացվի, հաշվի առնելով
քաղաքական և անվտանգության բաղադրիչները: Իսկ անվտանգության առումով ինտեգրումն
անհնար է առանց մշակութային բաղադրիչի, դրանք փոխկապակցված են», - հայտարարել է Կիսելյովը:
ՀՀ-ում
ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն իր հերթին նշել է, որ Հայաստանը պետք է
որոշի իր քաղաքական գերակայությունները, և եթե նրա ընտրությունը Ռուսաստանն է, ապա
ռուսաց լեզուն պետք է տարածում գտնի Հայաստանում, ինչը, սակայն, նրա ասելով,
դժգոհություն է հարուցում հայ հասարակության շրջանում: