Եվրամիությունը Հայաստանին ՙկամ, կամ՚ ընտրության առաջ չի դնում, հուլիսի 10-ին Երևանում հայտարարել է Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: ՙՉեմ կարող ասել`արդյոք նման ճնշում գործադրվում է Ռուսաստանի կողմից, թեև հետևում եմ լուրերին, և ծանոթ եմ թե’ գազի գների բարձրացմանը, թե’ առաջացած մի շարք խնդիրներին: Սակայն գործընկերների հետ մեր հարաբերություններում ճնշումը տեղ չունի՚,- ընդգծել է նա:
Նրա խոսքով, եթե հարցադրում անենք`կսահմանափակի արդյոք Ասոցացման համաձայնագրի ստորագրումն այլ երկրների հետ Հայաստանի փոխգործակցությունը, պատասխանը միանշանակ ոչ կլինի: Ըստ որում, նա ավելացրել է, որ դա թույլ կտա Հայաստանին էլ ավելի ամրապնդել իր դիրքերը: Միաժամանակ նա ընդգծել է, որ ինտեգրացիոն երկու նախագծերի միջև պետք է տարրական համատեղելիություն լինի: ՙՄենք չենք ստիպում մեր գործընկերներին պակասեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Նույնը մենք ասում ենք Մոսկվային: Մենք միմիայն կխրախուսենք ՌԴ հետ համագործակցությունն այն ոլորտներում, որոնք բխում են Հայաստանի շահերից՚,- ասել է Ֆյուլեն: