Երևանում բացվել է թեթև արդյունաբերական արտադրանքի ՙՊատրաստված է Հայաստանում՚ առաջին մասնագիտացված խանութը, ասվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության հաղորդագրությունում: ՙՀայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը հատկապես վերջին տարիներին նպատակամիտված քայլեր է կատարում մասնավորապես թեթև արդյունաբերության ոլորտը անորոշ ու երկար որոնումային թմբիրից դուրս բերելու և հայրենական արտադրողներին զորակցելու ուղղությամբ։
Այդ նպատակով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը ստեղծեց Թեթև արդյունաբերության ճյուղային միություն, որը անցած մեկ տարում արդեն հասցրել է բազմաթիվ հանդիպումներով, քննարկումներով ու բանավեճերով, այցերով և ընդհանրական խնդիրների բարձրացմամբ Կառավարության ուշադրությունը բևեռել ոլորտի զարգացմանը։ Եվ ահա կատարվեց երկար սպասված քայլերից մեկը։ Թեթև արդյունաբերության ճյուղային միությունը բացեց Հայաստանում թեթև արդյունաբերական արտադրանքի ՙՊատրաստված է Հայաստանում՚ առաջին մասնագիտացված խանութը, ուր վաճառվում են միայն մեր հանրապետությունում արտադրվող բարձրորակ հագուստ, կոշիկ, գուլպեղեն և այլն։
Հետաքրքրությունը մեծ է, գնորդներին բացատրելու հարկ չի լինում։ Նրանք հրաշալի տարբերում են մեր վարպետների պատրաստած բարձրորակ արտադրանքը հատկապես Թուրքիայից և Չինաստանից կիլոգրամներով ներկրվող էժանագին, բայց շուտ շարքից դուրս եկող ապրանքներից։
Պակաս կարևոր չէ նաև բարոյական գործոնը։ Այս արտադրանքը գնելով՝ մենք զորակցում ենք հայրենական արտադրողին, նպաստում նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ դրան ածանցյալ բոլոր դրական հետևանքներով։
Սիրելի հայրենակիցներ, մայրաքաղաքի Տիգրան Մեծի 20 հասցեում՝ՙՏաշիր՚ հանրախանութի դիմաց և ՙՍիլ՚ հյուրանոցի հարևանությամբ գտնվող նորաբաց սրահում արդեն վաճառվում են ՙՏՈՍՊ՚. ՙԼՅՈՒՔՍ՚, ՙԼԻԴԱ՚, ՙՄԵԼԱՆՏԵ՚ և ՙԱՐՏՍՈՔՍ՚ ընկերությունների արտադրանքը։ Ծրագրի հաջող ընթացքի դեպքում նմանատիպ սրահներ կբացվեն նաև հանրապետության այլ բնակավայրերում՚,-ասվում է հաղորդագրության մեջ: