Իրավիճակը Հայ Առաքելական Եկեղեցում վերջին ամիսներին կտրուկ սրվել է:
ՀԱԵ ղեկավարության շարքերում մշտական տարաձայնությունները գագաթնակետին են հասել: Ինչպես գրում է ՙԱռավոտ՚ թերթը` Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Ն. Ս. Օ.Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որտեղ տարակուսանք է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգեւոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ:
Նշենք, որ ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում հայտնվել էր Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի նամակը Գարեգին Երկրորդին, որում նա իր վրդովմունքն է հայտնում իր նկատմամբ Կաթողիկոսի նվաստացուցիչ վերաբերմունքի առնչությամբ: Ըստ որում, Զաքարյանը նշում է, որ իրեն վիրավորել է Կաթողիկոսի այն հայտարարությունը, որ ինքը կարող է լքել ՀԱԵ-ն, եթե չփոխի իր վերաբերմունքը Վաչե քահանայի նկատմամբ: Ֆրանսիայի թեմի առաջնորդն ընդգծում է, որ Վաչե քահանան, ում պաշտպանում է Գարեգին Երկրոդը, ավելի շատ բիզնեսմեն է, քան հոգևորական: Ստեղծված իրավիճակում Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանն իր նամակում տեղեկացնում է, որ մտադիր է մոտ ժամանակներս հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
Խոսելով Նորվան Զաքարյանի որոշման մասին` Նուրհան արքեպիսկոպոսը նամակում նշում է, որ ժողովի որոշումն իր վրա ծանր եւ անհաճո տպավորություն է թողել. ինչպե՞ս կարելի է եկեղեցու իշխանավորին անտեսել հանուն մի պարզ քահանայի: Երուսաղեմի հայոց պատրիարքը այնուհետեւ հավելում է. ՙԵթէ չեմ սխալիր, յառաջիկայ նոյեմբերին Նորվան սրբազանի առաջնորդական շրջանը կաւարտէր եւ Գերագոյն հոգեւոր խորհուրդի պատկեր-անդամները կրնային այն ատեն «ընդունիլե իր հրաժարականը: Մի՞թէ Ձեր «Շինարար կաթողիկոսիե համբաւը իսկապէս կուզեք կարգալոյծ հռչակւածներու շարքը երկարելու ջնջել՚:Երուսաղեմի հայոց պատրիարքը նամակում գրում է նաեւ, թե տարիներ անց համոզվել է,որ Վեհափառ հայրապետին ավելի հետաքրքրում են արտաքինն ու նյութականը: Հոգեւորականը նաեւ մտահոգություն է հայտնում, որ վախի եւ սպառնալիքի մթնոլորտում առողջ սերունդ չի կարող լինել, կտուժեն ժողովուրդն ու մայր եկեղեցին, մինչդեռ, նրա ձեւակերպմամբ, ավելի կարիք կա մաքրակրոն եւ զարգացած եկեղեցականների, քանի գարշապար լիզողների:Նուրհան սրբազանը, իբրեւ բողոքի նշան, կաթողիկոսին հղած նամակում հայտնել է սեպտեմբերի 21-28-ը կայանալիք եպիսկոպոսական ժողովին իր՝ չմասնակցելու մասին:
Ավելի վաղ լարված իրավիճակ էր ստեղծվել ՀԱԵ Արարատյան թեմում, որի առաջնորդի անունը սկզբում շրջանառվում էր օֆշորային սկանդալում, իսկ հետո ՙԱրարատ՚ երիտասարդական կազմակերպության նախկին ղեկավար Արշակ Խաչատրյանի ծառայության վայրի փոփոխման հետ կապված սկանդալում, ինչը հարուցել է կազմակերպության անդամների բողոքը: Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին մեղադրում են նաև հոգևորականին անհարիր վարքի մեջ: