Սեպտեմբերի 30-ից հետո կառավարությունը կսկսի նոր թափով անցկացնել պարտադիր կուտակային համակարգը, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա վստահ է, որ ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ օրենքում նախօրեին ընդունված փոփոխություններով կառավարությունը փորձում է ընդամենը ժամանակ շահել, և պետք չէ որևէ պատրանք տածել իշխանությունների կողմից որևէ զիջման առնչությամբ: ՙԱվելինն, մինչև սեպտեմբերի 30-ը կառավարությունը ձգտելու է հասնել այն բանին, որպեսզի մեծ և փոքր հիմնարկներն իրենց միջոցներից վճարումներ կատարեն կենսաթոշակային հիմնադրամներ`պարտադիր համակարգին մասնակցության կարծեցյալ տպավորություն ստեղծելով: Իրենց հարկավոր է ամեն գնով ապահովել անհրաժեշտ ցուցանիշներ՚,- ասել է Մանուկյանը:
Ըստ որում, խորհրդարանականը դժվարացել է ասել` կթուլանա քաղաքացիական բողոքը, անկում կապրի, թե՞ ոչ: ՙԱմեն դեպքում մենք քաղաքացիներին կոչ ենք անում չթուլանան, մինչև վերջ հավատարիմ մնալ իրենց դիրքորոշմանը՚,- ասել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովը հաստատել է կառավարության ներկայացրած ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ օրենքի փոփոխությունների ընդլայնված տարբերակը, համաձայն որի` եթե քաղաքացին գործատուին դիմում է ներկայացնում այն մասին, որ ինքը հրաժարվում է մասնակցել կուտակային համակարգին, գործատուն կարող է վճարումները չփոխանցել և համապատասխան հաշվարկներ չկատարել: Դրա հետ մեկտեղ այդ համակարգում պետական մասնակցության բաժինը կփոխանցվի կենսաթոշակային հիմնադրամներ մինչև սեպտեմբերի 30-ը, որը ՍԴ որոշմամբ ժամկետ է սահմանվել կառավարության համար` օրինագծի թերությունները վերջնականապես վերացնելու համար: