ՙԸնթացիկ տարվա հուլիսին երեքուկես տարի հետո մենք ավարտին ենք հասցրել Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի (ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին) շուրջ բանակցությունները: Այդ համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա ԵՄ աջակցությամբ առաջ մղել համալիր արդիականացման ու բարեփոխումների ծրագիրը՝ հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգման վրա՚, - ասվում է Եվրոպական հանձնաժողովի`նախորդ օրը երեկոյան տարածած հայտարարությունում:
ՙՄենք հաշվի կառնենք Մաքսային միությանը միանալու Հայաստանի ակնհայտ ցանկությունը: Մենք անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի Հայաստանը մեզ պարզաբանի իր մտադրությունները և այն, թե ինչպես է պատրաստվում համատեղել այդ ցանկությունը Ասոցացման եւ ԽՀԱԱՊ համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունների հետ: Այս խորհրդակցությունների ավարտից անմիջապես հետո մենք կներկայացնենք ապագա զարգացումների վերաբերյալ մեր եզրակացությունները:Ցանկանում ենք եւս մեկ անգամ ընդգծել, որ Ասոցացման համաձայնագիրը և Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագիրը հիմք են օգտակար բարեփոխումների համար, այլ ոչ թե զրոյական արդյունքով խաղ, և կարող են համատեղվել ԱՊՀ անդամ պետությունների հետ տնտեսական համագործակցության հետ՚, - ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՙԱրևելյան գործընկերության՚ երկրների` նոյմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում նախատեսվում էր Երևանի կողմից Ասոցացման համաձայնագրի և Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի նախաստորագրում: Սակայն սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՌԴ նախագահի նստավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրության մասին:
Մաքսային միությունն ստեղծվել է ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում` որպես Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի առևտրատնետսական ինտեգրման ձև, որը նախատեսում է միասնական մաքսային տարածություն: Ընդ որում մաքսային միության մասնակից երկրները կիրառում են միասնական մաքսային սակագին և երրորդ երկրների հետ առևտրի կարգավորման այլ միասնական միջոցներ: