Իշխանություններն ստիպում են քաղաքացիներին բարիկադներ կառուցել` հասնելու համար իրենց նպատակներին, 2008 թ. Երևանում մարտյան ողբերգական իրադարձությունների պատճառների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի շուրջ քննարկումների ընթացքում հայտարարել է ԱԺ պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Բագրատյանի խոսքով, մարտյան իրադարձությունները Հայաստանի նորագույն պատմության ամենամռյալ էջերից մեկն են, և քանի դեռ չեն բացահայտվել 10 մարդու սպանության մեղավորները, Հայաստանը չի կարող երկարաժամկետ զարգացում և պետականության ամրապնդում ակնկալել: Ավելին, Բագրատյանը կարծում է, որ եթե 6-ամյա վաղեմության իրադարձությունները բացահայտվեին, դա որոշ չափով կօգներ կանխել Կիևի կենտրոնում վերջին ողբերգական իրադարձությունները: ՙԿիևում ջարդերի կազմակերպիչները շատ լավ հիշում էին, թե ինչ տեղի ունեցավ Երևանում 2008 թվականին: Այլ հարց է, որ միջազգային հանրությունն այս անգամ այլ դիրքորոշում զբաղեցրեց, որը տարբերվում էր Հայաստանի իրադարձությունների առնչությամբ դիրքորոշումից: Այստեղ իր ազդեցությունն ունեցավ նաև Հայաստանի կշիռը, վերջինիս նշանակությունը տարածաշրջանային իրավիճակում: Շատ բան կախված է նաև մեզանից, թե որքան վճռական կլինենք մենք՚,- հայտարարել է նա: