2004 թվականին Բուդապեշտում սպանված Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը, ինքնասպանության փորձ է կատարել. նա դանակով մի քանի հարված է հասցրել իրեն՝ որովայնի շրջանում: Դեպքի վայր ժամանած օպերատիվ աշխատողները հայտնաբերել են խոհանոցային դանակը:
Այժմ Մարգարյանը ՙՄալաթիա՚ բժշկական կենտրոնում է: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է բուժական գծով տնօրեն Ռոբերտ Կուրղինյանը, Արտուշ Մարգարյանին վիրահատել են, նրա վիճակը նորմալ է:
Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի ՙԳործընկերություն հանուն խաղաղության՚ ծրագրի շրջանակում անգլերեն դասընթացների մասնակցելու նպատակով Բուդապեշտ գործուղված լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը, որը մասնակցում էր նույն դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան: Հենց նույն օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր ստորագրեց մարդասպանին ներում շնորհելու մասին: