ՀՀ ֆինանսների նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ համաձայն ՀՀ ոստիկանության հայտարարության, Ճանապարհային ոստիկանությունը մինչև ս.թ. հունվարի 12-ը տեխզննության կտրոններ չունեցող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չի կազմելու, ինչպես ՀՀ ոստիկանությունը հայտարարել էլ մինչ տոները: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Իսկ ինչ վերաբերում է տեխնիկական զննման կտրոնների հետ կապված խնդիրների կարգավորմանը, ապա նշենք, որ հունվարի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի խնդրի կարգավորման արդյունքների մասին:
Հիշեցնենք, որ նախատոնական օրերին հայատանի ավտովարորդները բախվեցին տեխզնման կտրոների դեֆիցիտի պրոբլեմին, որոնք պետք է տրամադրեն առևտրային բանկերը: ԱրմԻնֆո գործակալության հարցումները ցույց տվեցին, որ կտրոն տրամադրող բոլոր բանկերում դրանք իսպառ բացակայում էին, չնայած, որ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ կտրոններ տպվել են սպասվածից ավելի շատ քանակով: Տվյալ պահին բանկերում այդ կտրոններն արդեն կան, այդ թվում նաև 2013-2014 թվականների համար: