Տարածքում չկողմնորոշվելու հետևանքով ադրբեջանական ուժերի պահպանության տարածք անցած Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն ակցիա են անցկացնում ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության շենքի մոտ`Ինջիղուլյանի ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պահանջով:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, Ինջիղուլյանի հարազատները պնդում են, որ ԽԽՄԿ-ից հնարավոր չէ հստակ տեղեկություններ ստանալ, այդ պատճառով նման հուսահատ քայլի են դիմել: Խոսելով ադրբեջանական ANS հեռուստաալիքին Ինջիղուլյանի տված հարցազրույցի մասին`զինվորի եղբայր Արման Ինջիղուլյանը, մասնավորապես, լրագրողներին հայտարարել է, որ զինծառայողին ուղղակի ստիպել են նման հարցազրույց տալ և խոստովանութուն անել իբր սպաների կողմից ճնշումների վերաբերյալ:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է Ժնևյան կոնվենցիայի դրույթները`հարցազրույց անցկացնելով ռազմագերիների հետ: Հովհաննիսյանը նաև գտնում է, որ Ինջիղուլյանի հայտարարությունները ճնշման արդյունք են:
Նշենք, որ Ինջիղուլյանը գերության մեջ է հայտնվել օգոստոսի 7-ի`լույս 8-ի գիշերը: Հայկական կողմի վկայությամբ, նա մոլորվել է սահմանին ու հայտնվել գերության մեջ: Օգոստոսի 12-իտվյալների համաձայն, ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներին Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել հանդիպել Ինջիղուլյանի հետ: Ինջիղուլյանը հարցազրույցում պատմում է, որ օգոստոսի 7-ին հրամանատարը նրան ուղարկել է ջրի հետևից, սակայն Ինջիղուլյանը հրաժարվել է կատարել հրամանը, քանի որ հոգնած է եղել, բայց ասել է, որ ջրի հետևից ավելի ուշ կգնա: Բայց, ինչպես նշվում է հարցազրույցում, հրամանատարը կոպիտ կերպով հրամայել է նրան նույն պահին գնալ ջրի հետևից`հարվածելով աչքին: