Անցյալ շաբաթ, դեկտեմբերի 2-4-ը, Լոնդոնում տեղի
ունեցավ «Լեռնահումքային արդյունաբերությունը և փողը» (Mines & Money) խորագրով ամենամյա
ցուցահանդես-կոնֆերանսը, որը հանդիսանում է լեռնահումքային արդյունաբերության
ոլորտի եվրոպական ներդրումային հեղինակավոր ցուցահանդես, որին մասնակցում է ավելի
քան 3000 ներդրող, ֆինանսական և արդյունաբերական ձեռնարկություններ:
Այս տարի
կոնֆերանսին մասնակցեցին 260 ընկերություններ, որոնք իրենց ծրագրերն են
իրականացնում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում, Ռուսաստանում,
Թուրքիայում և հարավ-աֆրիկյան երկրներում: «Լիդիան Ինտերնեյշնլ» ընկերությունն այդ
ցուցահանդեսին մասնակցում է 2006 թվականից, ներկայացնելով Ամուլսարի ծրագիրը,
միևնույն ժամանակ Հայաստանը ներկայացնելով որպես ներդրումային ուղղություն:
2011 թվականին
«Լիդիանը» շահեց the
Mining Journal ամսագրի «Բացառիկ
ձեռքբերում» մրցանակը, Ամուլսարի հանքավայրում իրականացրած երկրաբանական
հետազոտությունների համար:
Կոնֆերանսի մասնակիցների
թվում էր նաև նիդերլանդական ING բանկը, որի մասնագետները եղել են Հայստաանում և
այցելել Ամուլսարի հանքավայր: Անդրադառնալով Ամուլսարի նախագծին, բանկի
լեռնահումքային արդյունաբերության գծով փոխնախագահ Անդոր Լիվասն ասել է. «Վերջին 7
տարիներին «Լիդիանը» մեծ աշխատանք է կատարել, Հայաստանը տարբեր երկրներում ներկայացնելով
որպես ներդրումային ուղղություն, միաժամանակ Ամուլսարի նախագծը ներկայացնելով
որպես հեռանկարային բիզնես: Հաշվի առնելով «Լիդիանի» մոտեցումները և շահագրգիռ
բոլոր կողմերի ներգրավածությունը, ապա ստեղծվում են Հայաստանում ժամանակակից առաջին
ոսկեբեր հանքավայրի ձևավորման նախադրյալները»:
«Լիդիանի» գլխավոր
ֆինանսական տնօրեն Ռոդերիկ Կորրինը հավելել է. «Տնտեսական անկայունության
պայմաններում շատ դժվար է ներդրումներ ներգրավել լեռնահումքային
արդյունաբերությունում, հատկապես միջազգային ներդրողներին անհայտ մի երկրում,
ինչպիսին Հայաստանն է: Սակայն, «Լիդիանը» մեծ ջանքեր է գործադրում Հայաստանը
ներկայացնելու ուղղությամնբ և մենք մեծ հույսեր ունենք, որ Ամուլսարի ծրագիրը
կդառնա հաջողված ներդրումների օրինակ»:
Ամուլսարի ոսկու
հանքավայրը ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում գտնված ոսկու միակ հանքավայրն է:
«Գեոթիմի» միակ բաժնետերն է «Լիդիան
Ինտերնեյշնլ» ընկերությունը: 2009 թվականին «Լիդիան Ինտերնեյշնլի» բաժնետերը
դարձավ EBRD-ն, 2012 թվականին մարտի 21-ին իր մասնաբաժինն ընկերության կապիտալում
հասցնելով 6.80%-ի, իսկ բաժնետոմսերի 20.23%-ը պատկանում է IFC-ին, որը
հանդիսանում է Համաշխարհային բանկի խմբի անդամ: