Առաջին Համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված՝ ՙՇրջադարձ հայացք 100 տարի անց՚ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում ՀՀ Մշակույթի նախարարությունը և ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ընկերությունը կազմակերպում են Հայաստանի երկաթուղու թանգարանի այցելություն և ուղևորություն Երևանից Գյումրի: Եվրոպական ժառանգության օրերը կանցնեն սեպտեմբերի 27 – 28-ին:
Միջոցառումների շրջանակներում ՀՀ Մշակույթի նախարարության կողմից ձևավորված խումբը շաբաթ օրը կծանոթանա Երկաթուղու թանգարանի ցուցահանդեսին, որտեղ ներկայացված է Հայաստանի երկաթուղու զարգացման ամբողջ ճանապարհը՝ սկսած 1895 թվականի հուլիսի 5-ից, երբ Նիկոլայ II կայսրը ստորագրեց Թիֆլիս-Ղարս երկաթուղու կառուցման մասին Բարձր անվանական հրամանագիրը:
Թանգարանում ներկայացված են Հայաստանի երկաթուղու կառուցման, զարգացման և գործունեության մասին պատմող փաստաթղթեր, արխիվային լուսանկարներ ու փաստաթղթեր, երկաթուղային տեխնիկայի օրինակներ, պատմական գնացքների մակետներ մասնավորապես «Վարդան Զորավարե զրահագնացքը: Մասնակիցները կծանոթանան նաև ՙԵրևան՚ երկաթուղային կայարանում գործող ցուցահանդեսին, որը նվիրված է Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղու (ԲԱՄ) 40-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված է հայ երկաթուղայինների ավանդը ԲԱՄ-ի կառուցման գործում: Իսկ թանգարանի այցելությունից հետո ակցիայի մասնակիցները էլեկտրագնացքով կուղևորվեն Գյումրի: Ուղևորության ժամանակ տուրիստներին կներկայացվի երկաթուղային կայարանների պատմությունը և Առաջին համաշխարհային պատերազմում հայերի մասնակցության մասին տեսաֆիլմը: Գյումրիում տուրի մասնակիցները կծանոթանան Երկաթուղային տեխնիկայի թանգարանի ցուցահանդեսին, ինչից հետո կվերադառնան Երևան: ՙՀԿԵ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է ՙՌուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: