Չնայած ձյան առատ տեղումներին՝ ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով: Ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման և անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներ:
Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, երեկ ձնամաքրման աշխատանքներ են տարվել Նուռնուս-Ծովագյուղ, Գյումրի-Անի, Գյումրի-Ղալթախչի, Մայիսյան-Ջաջուռ հատվածներում: Ձնամաքրման աշխատանքներ են կատարել մոտ 200 երկաթուղային և 3 ձնամաքրող մեքենա, որից 2-ը աշխատում էին Գյումրիում, իսկ 1-ը՝ Սևանում: Այսօր ձնամաքրման աշխատանքները կշարունակվեն: Մասնավորապես, Գյումրիում եղանակային պայմանների վատթարացման պատճառով՝ տեղում աշխատելու են արդեն 3 ձնամաքրող մեքենա, իսկ Սևանում աշխատանքը կշարունակի հատուկ տեխնիկայի մեկ միավոր: Հաշվի առնելով, որ մի շարք ավտոմայրուղիները փակ են, ուղևորա- և բեռնափոխադրումների զգալի մասը տեղափոխվել է երկաթուղի: Մասնավորապես, էլեկտրագնացքների լրացուցիչ չվերթներ են նշանակվում բոլոր ուղևորներին տեղափոխելու նպատակով: ՙՀԿԵ՚ ՓԲԸ բեռնատար գնացքներն աշխատում են համաձայն գրաֆիկի: Չվացուցակին համապատասխան աշխատում է ինչպես Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղևորատար գնացքը, այնպես էլ ներհանրապետական էլեկտրագնացքները: