«Թեեւ քաղաքական բոլոր լուրջ ուժերը կտրականապես դեմ են արտահայտվել Սահմանադրական փոփոխությունների չարաբաստիկ նախաձեռնությանը, Սերժ Սարգսյանն իր նպատակին հասնելու գլխավոր խոչընդոտը համարում է Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումը։ Եւ եթե մինչեւ հիմա նա փորձում էր այդ խոչընդոտը հաղթահարել բլիթի, այսինքն վերջինիս ինչ-ինչ խոստումներով սիրաշահելու քաղաքականությամբ, ապա այժմ, մեզ հասու տեղեկատվության համաձայն, գործի դնելով ողջ իրավապահ մեքենան, նա պատրաստվում է ԲՀԿ-ի նկատմամբ կիրառել մտրակի, այն է` սպառնալիքների եւ շանտաժի լեզուն, ինչը որեւէ պարագայում չի կարող հանդուրժվել քաղաքական մյուս ընդդիմադիր ուժերի եւ ողջ հասարակության կողմից», -
հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am պորտալում զետեղված հարցազրույցում:
«Վստահ եմ, նրանք այլեւս թույլ չեն տա տասը զոհերի արյան գնով իշխանության եկած բռնապետին` իր քաղաքական հակառակորդների հետ կրկին խոսել բիրտ ուժի դիրքերից։ Սահմանադրական փոփոխությունների խնդիրն, ըստ այդմ, յուրատեսակ ջրբաժան է բռնապետական ռեժիմի եւ հասարակության առողջ ուժերի միջեւ` կնճիռ, որի հանգուցալուծումից է կախված Հայաստանի եւ Ղարաբաղի ապագան։ Եթե Սերժ Սարգսյանը շարունակի համառել սահմանադրական փոփոխությունների միջոցով իր իշխանությունը հավերժացնելու փորձում, ապա աշնանը ծավալվելիք լուրջ քաղաքական գործընթացների ճնշման տակ, նա, անտարակույս, կդառնա սեփական ավազակապետական համակարգի գերեզմանափորը։ Քաղաքական ուժերը որոշ առումով նույնիսկ պետք է շնորհակալ լինեն Սերժ Սարգսյանին` իրենց մի այնպիսի կոնսոլիդացնող զենք տրամադրելու համար, ինչպիսին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի միավորիչ գաղափարն է։ Ցանկացած բռնապետ, որքան էլ հզոր, ժամանակի ընթացքում կորցնելով իրականության զգացողությունը, վերջիվերջո մի ճակատագրական սխալ թույլ է տալիս։ Սերժի պարագայում այդ ճակատագրական սխալը միանշանակ սահմանադրական փոփոխությունների ձախորդ նախաձեռնությունն է հանդիսանալու», -
հայտարարել է Լ.Տեր-Պետրոսյանը։