Երևանի ավագանու ընտրություններում ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցությունը չհաղթահարեց 6%-ի շեմը նախագահական ընտրությունները բոյկոտելու պատճառով: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության նախագահ, ՀԱԿ-ից ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Նրա խոսքերով, նախագահական ընտրություններին չմասնակցելը ՀԱԿ-ի հավաքած ձայների ցածր տոկոսների միակ պատճառը չէ: Նրա կարծիքով, ՀԱԿ արդյունքների վրա ազդեցին նաև միգրացիայի բարձր տեմպերը: ՙՀիմնականում երկիրը լքում են մեր կողմնակիցները, հետևաբար, մեզ ընտրողներ չեն մնում՚,-հաստատել է նա: Նրա խոսքերով, երևանցիների ավելի քան 50%-ը չէին կարող իրենց ձայները տալ ՀՀԿ-ին, քանի որ երկրի բնակչության մեծ մասը պարզապես ատում է գործող իշխանությանը:
Սարգսյանը նաև ընդգծել է, որ այս ընտրությունները դարձան Րաֆֆի Հովհաննիսյանի իրական ձայների ինդիկատորը, ով, շատ ընդդիմադիրների կարծիքով, նախագահական ընտրություններում հաղթեց, չնայած, պաշտոնական տվյալներով հավաքել էր ձայների 37%-ը: ՙ8.48%-ը, որն ստացավ ՙԲարև Երևան՚ դաշինքը, ապացուցեց, որ Հովհաննիսյանն ստացել էր բոլոր ընդդիմադիր թեկնածուների ձայները՚,-հայտարարել է նա: Նա նաև հավելել է, որ Հովհաննիսյանը զգալիորեն զիջում է ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով, նրա կարծիքով, միակ ընդդիմադիրն է, որը կարողացավ ընդդիմադիր շարժումը 5 տարի պահել իր ձեռքերում: