«Հայաստանն ընթանում է սեփական ջրային պաշարները
ոչնչացնելու ուղով», - հայտարարել է «Հայաստանի կանաչների միության ղեկավար Հակոբ
Սանասարյանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Երկրի ջրային պաշարների
համար գլխավոր վտանգը հանքարդյունաբերության սրընթաց զարգացումն է: «Հայաստանի
բոլոր պոչամբարները, գործնականում, գտնվում են գետերի հուներում, ինչը չի կարող
չկրել լուրջ ռիսկեր: Ծանր մետաղները և թունավոր տարրերը ներթափանցում են գետերի
մեջ, որտեղից հոսում են դեպի ջրամբարներ և ոռոգման համակարգեր», - նշել է
Սանասարյանը:
Որպես օրինակ նա հիշատակել
է Ողջի գետը, ուր լցվում են լեռնահանքային գործունեության մեծ ծավալի թափոններ:
«Մասնակի աղտոտված է Այրի գետը, որի ջրերը լցվում են Տոլորսի ջրամբար: Այրիի
աղտոտման պատճառը Դաստակերտի չգործող պոչամբարն է, որը ողբալի վիճակում է», - ասել
է փորձագետը:
Ջրի աղբյուրների աղտոտման
գործում իր ավանդն ունի նաև Թուխմանուկի հանքավայրը, որի շահագործամ ժամանակ
լեռնահանքային թափոնները լցվում էին Քասախ գետը, իսկ այնտեղից` Հրազդան և Արաքս
գետերը` աղտոտելով ոռոգման ջրերը:
Սանասարյանն
ընդգծել է, որ ծանր մետաղները կարող են հարուցել ձկների մուտացիա: Բացի այդ,
ոռոգման համակարգի միջոցով թունավոր տարրերը կուտակվում են բնահողում, ներթափանցում
սննդային շղթաներ: «Տարեցտարի խմելու ջուրն ավելի է արժևորվում ողջ աշխարհում,
առավել տարածում է գտնում «ջրադոլարներ» տերմինը: Մինչդեռ Հայաստանը համառորեն
ընթանում է սեփական ջրային պաշարները ոչնչացնելու ուղով: Եթե այդ գործընթացը
չկասեցվի, մենք ապագայում կբախվենք լուրջ խնդիրների», - ընդգծել է Սանասարյանը: