Որսագողությունն առաջվա նման գլխավոր խոչընդոտն է Սևանա լճում սիգի պոպուլյացիայի վերականգնման ճանապարհին: Այդ մասին հունիսի 1-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Նրա ասելով, թեև ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ կառավարության որոշումը կնպաստի սիգի պաշարների ավելացմանը, այդուհանդերձ, նման միջոցները կիսատ-պռատ բնույթի կլինեն, եթե որսագողության կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոցներ չձեռնարկվեն:
Նշենք, որ ներկայում սիգի պաշարները լճում աստիճանաբար կրճատվում են, և այսօրվա դրությամբ կազմում են շուրջ 6,5 տոննա: Համեմատության համար նշենք, որ նախորդ դարի 80-90-ական թվականներին այդ ցուցանիշը կազմել է շուրջ 30 հազար տոննա:
Անդրադառնալով Սևանը թափվող գետերի աղտոտման մակարդակին` Գաբրիելյանը նշել է, որ իրադրությունն այդ առումով անմխիթար է: Փորձագետը նշել է, որ Հայաստանի բնակավայրերի մեծ մասը զտող կայաններ չունեն, ինչի արդյունքում կենցաղային և արդյունաբերական թափոնները լցվում են գետերը և, վերջնական արդյունքում` Սևանա լիճը: Իրավիճակը վատթարացնում են նաև գետերից ջրառները ոռոգման նպատակով, ինչպես նաև փոքր ՀԷԿ-երի աշխատանքը: Գաբրիելյանը նշել է, որ գետերի աղտոտումը, իր հերթին, խոչընդոտում է իշխանի բազմացմանը: