Հասարակական տրանսպորտի ուղեվարձի նոր սակագինը պետք է անփոփոխ մնա: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով, որոշ տեղեկությունների համաձայն, ևս ՙգծատեր՚ է:
ՙՀասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը թույլ կտա միայն ապահովել վերջինիս լիարժեք գործունեությունը, բայց ոչ մի կերպ չի ազդի սպասարկման որակի վրա՚,- ընդգծել է հանրապետականը: Նրա խոսքով, վերջին շրջանում ավտոբուսների և միկրոավտոբուսների պահեստամասերը թանկացել են չորս անգամ, և տնտեսվարող սուբյեկտներն ստիպված են բարձրացնել երթևեկության սակագինը: Ըստ որում, Սահակյանը նշել է, որ դա ոչ մի կերպ կապված չէ գազի գնի բարձրացման հետ:
Հանրապետականը հայտարարել է, որ անհրաժեշտ է փոխել տրանսպորտի մասին օրենքը, քանի որ ճիշտ չէ գների բարձրացման ողջ պատասխանատվությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուսերին դնել, ով, նրա խոսքով, շատ գրագետ քաղաքապետ է: ՙՄիաժամանակ ՀՀ կառավարությունը պետք է սոցիալական նախագծեր մշակի, որոնք թույլ կտան հաղթահարել գոյություն ունեցող դժվարությունները՚,- նշել է Սահակյանը:
Այն հարցին, թե չի պատրաստվում արդյոք նա աջակցել ՙ Free car՚ նախաձեռնությանը, Սահակյանն ընդգծել է, որ ոչ, քանի որ չի ցանկանում մարդկանց աչքում ավելի լավը երևալ, քան իրականում կա: ՙՆախընտրում եմ մնալ այնպիսին, ինչպիսին կամ՚,- նշել է նա:
Նա նաև հերքել է Հայաստանի հանրապետական կուսակցությունում պառակտման և կուսակցության որոշ անդամների`Տարոն Մարգարյանի նկատմամբ թշնամական տրամադրվածության մասին կարծիքը: