Կուզեի Հայաստանի իշխանություններին կոչ անել հանդես գալ առավել հստակ առաջարկներով այն առնչությամբ, թե ինչ ոլորտներում են իրենք տեսնում մեր հետագա համագործակցությունը, և որոնք են Հայաստանի գերակայությունները: Այդ մասին սեպտեմբերի 30-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը`մեկնաբանելով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի պատրաստակամությունը:
Դեսպանը կարծիք է հայտնել, որ երկու կողմերը` Հայաստանը և Եվրամիությունը քննարկում են Մաքսային միությանն անդամակցելու որոշման վերաբերյալ սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը: ՙՄենք փորձում ենք գտնել ճիշտ ձևաչափ, որով կարող ենք առաջ մղել Հայաստանի և ԵՄ համագործակցությունը՚,- նշել է նա:
Նրա կարծիքով, ՀՀ կառավարության ներկայացուցիչների հավաստումները, որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունները չեն փոխել ԵՄ հետ սերտ կապեր ունենալու իրենց ցանկությունը, արձագանք կգտնեն Եվրամիության կողմից: Ըստ որում, դեսպանը չի թաքցրել, որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո ԵՄ տարեբր երկրների իր գործընկերները հիասթափություն և նույնիսկ զարմանք են արտահայտել:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետո Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Երևանի մտադրության մասին: