Հունգարիայի և Հայաստանի միջև տեղի ունեցածը չի ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ Հունգարիայի դիրքորոշման վրա: Ինչպես հաղորդում է APA-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Հունգարիայի դեսպան Ժոլտ Չուտորան:
Նրա ասելով, Հունգարիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները դեռ չեն վերականգնվել: ՙՀունգարիան բարեհաճ երկիր է և փորձում է միանման բարեկամական կապեր հաստատել բոլորի հետ: Սակայն առայժմ ոչ մի դրական քայլ չի ձեռնարկվել: Դիվանագիտական հարաբերությունների կասեցումը, դադարեցումը և վերականգնումը որոշվում է դիվանագիտական խողովակների միջոցով՚, - հայտարարել է դեսպանը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի օգոստոսի 31-ին Բուդապեշտն Ադրբեջանին հանձնեց Ռամիլ Սաֆարովին, որը 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար 2006 թվականին դատապարվել էր ցմահ ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Մինչդեռ Ադրբեջան վերադառնալուց հետո նախագահ Իլհամ Ալիևը Սաֆարովին ներում շնորհեց, նրա կոչումը բարձրացվեց, և մարդապսանին ապահովեցին բնակարանով: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը կասեցնելու մասին: Հունգարիայի ԱԳՆ իր հերթին հայտարարեց, թե Սաֆարովին Ադրբեջանին են հանձնել միայն պաշտոնական Բաքվից երաշխիք ստանալուց հետո, որ մարդասպանը կշարունակի պատիժը կրել հայրենիքում: