Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ մերժել է ՙԺառանգություն՚ կուսակցության մամլո քարտուղար Դավիթ Սանասարյանի հայցն ընդդեմ նախկին պատգամավոր, ՀՖՖ ղեկավար Ռուբեն Հայրապետյանի՝ հայցի վաղեմության հիմքով:
ՙՊահանջում ենք պատժել ՙՀարսնաքարում՚ տեղի ունեցածի բոլոր մեղավորներին՚ հասարակական շարժման նախաձեռնող խմբի ակտիվիստ Դավիթ Սանասարյանը դիմել էր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Ռուբեն Հայրապետյանի կողմից իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով: Ըստ հայցվորի, Ռուբեն Հայրապետյանը Nouvelles d’Armenie ամսագրին տված հարցազրույցում անվայելուչ վիրավորանք, զրպարտություն և սպառնալիք է հնչեցրել Դավիթ Սանասարյանի հասցեին, ինչով արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Ռ.Հայրապետյանը, մասնավորապես, Սանասարյանին անվանել է ՙճիճու, որը մինչեւ մահ վախենալու է իրենից՚: