Հայաստանի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2013 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի մամուլի ծառայությունից, միաժամանակ, նույն որոշմամբ հանձնաժողովն առաջարկել է Գագիկ Խաչատրյանին քննարկվող հարցի վերաբերյալ10-օրյա ժամկետում ներկայացնել իր առարկությունները և բացատրությունները:
Նշենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին ՙԹԻ՚ ՀԿ-ը, հիմք ընդունելով ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի 2012 թվականի հոկտեմբերի 18-ի համարում (#180/3104/) հրապարակված ՙՄենքումերոնքով աշխատում են՚ և ՙՊայքարի իրական մարտիկը՚ հոդվածները, դիմում է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Հոդվածներն անդրադառնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացվող կամ ՙվերահսկվող՚ ձեռնարկատիրական գործունեությանը: Ըստ թերթի հրապարակման՝ Գագիկ Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող ՙԱլեքսերվ՚ ընկերությունը, որը, հաղթելով այդ ապրանքի մատակարարման մրցույթում, այս տարվա ապրիլ ամսին ՙԳնումների աջակցման կենտրոն՚ ՊՈԱԿ-ի հետ կնքել է շրջանակային պայմանագիր:
Բացի այդ, ըստ թերթի վերոնշված հրապարակումների` պետական եկամուտների կոմիտեի նախագահի անվան հետ են կապվում նաև այլ ընկերություններ, ինչպես օրինակ, ՙԱպեյրոն՚ ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), ՙՄեգաֆուդ՚ ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում և արտադրություն), ՙԳալաքսի՚ սուպերմարկետը, ՙՄեգա մոթորս՚ ՍՊԸ-ն (ՙՄիցուբիշիի՚ ներկայացուցիչը ՀՀ-ում), ՙՍանտա ֆե՚ սրճարանը, ՙԳալաքսի՚ հացի գործարանը, ՙՄեգա սպորտ՚ խանութների ցանցը, ՙԽրոնոգրաֆ՚ թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, ՙՉիմեգ՚ ՍՊԸ-ն, ՙՅուքոմ՚ ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), ՙԱմասիայի՚ կաթի գործարանը, ՙԱլյանս՚ մաքսային տերմինալը և այլն՚:
ՙԹԻ՚ ՀԿ-ը, դիմելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, խնդրել էր իր լիազորությունների շրջանակում ստուգել հրապարակումներում նշված փաստերի իսկությունը, պարզել՝ առկա է արդյո՞ք շահերի բախման իրավիճակ կամ նման ռիսկ պաշտոնավարման և միաժամանակ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, ներդրումները կառավարելիս չեն օգտագործվել արդյո՞ք պաշտոնական դիրքը և լիազորությունները:
Նշենք, որ լրագրողների հետ հանդիպմանը Գագիկ Խաչատրյանը հերքել է իր առնչությունը բիզնեսին: