Հայաստանի պետեկամուտների կոմիտեն ապրիլին շուրջ 1 մլն դրամ է հատկացրել մարզական ապրանքներ ձեռք բերելու համար: Ինչպես գրում է ՙԺողովուրդը՚, Կոմիտեն իր աշխատակիցների համար ֆուտբոլի առաջնություն է կազմակերպել հարկատուների հաշվին:
Պարբերականը նշում է, որ Կոմիտեն գնումներ է կատարել մարզական ապրանքների ՙՄեգա սպորտ՚ խանութների ցանցում, որը պատկանում է ՙԿուլինարի դիստրիբյուտորս՚ ՍՊԸ-ին: ՙԱվելին, նույն խանութներից երեք գավաթների ձեռք բերման համար Կոմիտեն վճարել է 63 հազար դրամ: Մինչդեռ նույն ապրանքներն անհամեմատ ավելի էժան գներով կարելի է ձեռք բերել այլ խանութներում կամ տոնավաճառներում: Այսպիսով, հարկային կառույցը, հարկատուների ՙկաշին քերթելով՚, համալրում է պետբյուջեն, որպեսզի հետո մի քանի միլիոն դրամ դուրս գրի մեկ խաղի կազմակերպման համար` հանուն սեփական հաճույքի՚՚, - նշում է ՙԺողովուրդը՚:
Ավելացնենք, որ, որոշ տվյալների համաձայն, ՙՄեգա սպորտ՚ խանութների ցանցը պատկանում է Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանին: