Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Երևան քաղաքի Բրազիլիայի, Աշխատանքի, Սասունցի Դավթի, Ֆրանսիայի, Ռուսաստանի հրապարակների հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ, որին կարող են մասնակցել Հայաստանում գործող անհատ ճարտարապետներ, դիզայներներ, քանդակագործներ, ճարտարապետներից և հարակից մասնագետներից կազմված ստեղծագործական խմբեր և ճարտարապետական ստեղծագործական արվեստանոցներ: Հայտերն ընդունվում են հունիսի 10-ից մինչև նոյեմբերի 15 ներառյալ: Մրցույթի արդյունքներով յուրաքանչյուր հրապարակի վերաբերյալ համապատասխանաբար ներկայացված հայեցակարգային առաջարկություններից ընտրված երեք լավագույնները կպարգևատրվեն 1-ին տեղի համար՝ 1մլն դրամով, 2-րդ տեղի համար՝ 500.000 դրամով, 3-րդ տեղի համար՝ 250.000 դրամով:
Հիշեցնենք, որ մայիսի վերջին քաղաքապետարանը համանման մրցույթ էր հայտարարել Հանրապետության հրապարակի վերակառուցման համար, ինչն անմիջապես վրդովմունք էր հարուցել ճարտարապետների շրջանում: Նշվել է, որ այդ ծրագրերը վտանգ են ներկայացնում Հանրապետության հրապարակի ամբղջության պահպանման համար: Բացի այդ, կարծիքներ են հնչել, որ այդ մրցույթի անցկացումը, ԱԳՆ շենքի վաճառքը և հրապարակի տակ ստորգետնյա կայանատեղի կառուցման վերաբերյալ լուրերը մեկ շղթայի օղակներ են: Ճարտարապետները մտավախություն ունեն, որ մրցույթի արդյունքում Հանրապետության հրապարակի շենքերի վրա կարող են վերին հարկեր կառուցվել: