Ղրիմի հանրաքվեն շատ բարդ իրավիճակի մեջ է դրել Հայաստանին, այդպիսի կարծիք է հայտնել Եվրամիության և Միջին Ասիայի միջև հարաբերությունների զարգացման դիտարկման ծրագրի տնօրեն Ջոս Բոունստրան:
Հիշեցնենք, որ մարտի 19-ի երեկոյան հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արձանագրել են, որ Ղրիմի հանրաքվեն ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ է:
ՙԱյսօր Երևանն ստիպված է կրկին ընտրություն կատարել` կապված վերջին իրողութունների հետ: Այնուամենայնիվ, Հայաստանը դեռ չի անդամակցել Մաքսային միությանը, և Ղրիմի շուրջ իրավիճակից բացի, դեռ բավականին շատ խոչընդոտներ կան այդ ինտեգրացիոն կառույցին Հայաստանի լիարժեք անդամակցման ճանապարհին՚,- նշել է նա:
Բոունստրայի կարծիքով, Երևանի տատանումները կարող են խորանալ` նկատի ունենալով Եվրասիական միության ուղղությամբ ինտեգրացիոն գործընթացների խորացման ու ընդլայնման առնչությամբ ՄՄ գոյություն ունեցող երկրների մոտ առանձնակի խանդավառության բացակայությունը: Եվրոպացի փորձագետը նաև ենթադրել է, որ Ուկրաինայից Ղրիմի անջատումը կարող է հանգեցնել եվրասիական ինտեգրման նախագծերի ձախողման: Այդպիսով` Մոսկվան կարող է շատ թանկ վճարել Ղրիմի համար:
Մարտի 20-21-ը Երևանում ընթացող ՙՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը՚ միջազգային կոնֆերանսի ժամանակ Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Բելգիայի փորձագետները քննարկում են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, գործընկերության և համագործակցության հեռանկարները, Հարավային Կովկասի պետությունների զարգացման միտումները: