Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մեկնաբանել է բուհերում ուսման դիմաց վարձավճարների բարձրացման մասին որոշումը: Օգոստոսի 13-ին լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ վարձավճարի բարձրացումը բուհերի ներքին որոշումն է:
Նրա ասելով, կան բուհեր, որոնք այսօր լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն: ՙԴժվար է պատկերացնել, որ որևէ մեկը, այդ թվում նաև ՀՀ ԿԳ նախարարը, կարող է կողմ լինել վարձավճարների թանկացմանը, սակայն կան օբյեկտիվ խնդիրներ, որոնք հնարավոր չէ անտեսել: Ես կարծում եմ, որ բուհերը պետք է առավելագույնս թափանցիկ, հաշվետվողական լինեն իրենց բյուջեների տնօրինման և վարձավճարների ծախսման առումով: Ես կողմնակից եմ, որ ուսանողները հստակ պահանջ դնեն և իմանան, թե ինչի վրա են ծախսվում իրենց գումարները: Ուսանողների թվաքանակի նվազումն ու պրոֆեսորադասախոսական ու տեխնիակական աշխատակազմի ներկայիս քանակը, ինչպես նաև տեխնիկական վերազինման պահանջը տևական ժամանակ հանգեցրել են այնպիսի իրավիճակի, որ շատ բուհեր այսօր զարգացման համար ֆինանսական հնարավորություն չունեն:
Այս իմաստով, ցավոք վարձավճարների բարձրացումը մի շարք բուհերում դարձել էր անխուսափելի՚,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը, հավելելով, որ պետությունը մտադիր է վերահսկել և բուհերի ինքնավարության որոշակի սահմանափակում մտցնել, առաջիկայում ընդունելով օրենք, ինչը հնարավորություն կընձեռի սահմանել բուհերի վարձավճարների վերին շեմ:
Հիշեցնենք, որ Երևանում մի շարք բողոքի ակցիաներ են անցկացվել բուհերում վարձավճարի բարձրացման առնչությամբ: Դրանց մասնակիցները, մասնավորապես, նշում են այն փաստը, որ վարձավճարի բարձրացումը էական հարված կլինի ընտանեկան բյուջեին և, արդյունքում, կարող է հանգեցնել արտագաղթի աճի: