Սև ծովի և Կասպից ծովի համագործակցության և
գործընկերության միջազգային հիմնադրամը ԿԽՄԿ-ին ուղերձ է հղել հայկական տարածքում
ադրբեջանցի դիվերսանտների ձերբակալության առնչությամբ: Ինչպես հաղորդում է Trend-ը, վկայակոչելով
հիմնադրամի կենտրոնական գրասենյակը, ուղերձում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին
կոչ է արվում հանդիպում կազմակերպել հայկական տարածքում ձերբակալված ադրբեջանցի
դիվերսանտների հետ և հասնել դրանց շուտափույթ ազատման:
Ուղերձում
նաև նշվում է, թե տեղի ունեցող իրադարձությունները բացասաբար են անդրադառնում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա և խոչընդոտում
են անվտանգության և կայունության վերականգնմանը Սև և Կասպից ծովերի ողջ
տարածաշրջանում: Ընդ որում ուղերջում փորձ է արվում հայկական կողմին մեղադրել
միջազգային իրավունքի նորմերը և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները խախտելու
համար: Փաստաթղթում խոսք է գնում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ
միջազգային հանրության, հատկապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի անտարբեր վերաբերմունքի մասին
և ընդգծվում, թե բոլորն ակտիվ գործունեություն են ակնկալում միջնորդներից: