Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, հայտարարել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը
ֆրանսիացի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով` հայ-ֆրանսիական փոխհարաբերությունները երկու երկրների միջեւ կայուն զարգանում են: ԱԺ նախագահի համոզմամբ` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պաշտոնական այցը Հայաստան նոր էջ բացեց հայ-ֆրանսիական հարաբերություններում:
Ֆրանսիացի խորհրդարանականներն իրենց հերթին համոզմունք են հայտնել, որ միջխորհրդարանական հարաբերությունները կշարունակվեն զարգանալ եւ խորանալ: Ռընե Ռուքեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, Պատրիկ Դեւեջյանը բարձր են գնահատել Ֆրանսիայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան եւ նշել, որ այն նոր լիցք կհաղորդի միջպետական հարաբերություններին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Ֆրանսուա Ռոշբլուանը եւ Պատրիկ Դեւեջյանը նշեցին, որ ժամանակն է, որ Թուրքիան ճանաչի պատմական իրողությունը: Նրանք գոհունակությամբ փաստել են, որ Ֆրանսիայի նախկին նախագահներ Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին եւ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանի խնդիրների եւ Ցեղասպանության հարցի շուրջ միակարծիք են եւ միեւնույն դիրքորոշումներն ունեն, չնայած տարբեր այլ հարցերում տեսակետների տարբերությանը: