ՀՀ խորհրդարանը մերժել է ՙՆաիրիտ՚ գործարանի շուրջ իրավիճակի ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ կուսակցության նախաձեռնությունը:
Նախօրեին խորհրդարանում այդ հարցի քննարկման ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ վաղաժամ է համարում ՙՆաիրիտի՚ շուրջ իրավիճակի ուսումնասիրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ նախաձեռնությունը, քանի որ ՀՀ կառավարությունը ՙՆաիրիտի՚ աշխատանքի վերականգնման լայնամասշտաբ ծրագրի իրականացման շուրջ բանակցություններ է վարում ռուսական ՙՌոսնեվտի՚ հետ: Նրա խոսքով, Ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը կարող է խանգարել այդ նախագծի իրականացմանը: Դրան չի համաձայնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով հայտարարել է, որ աջակցում է հանձնաժողով ստեղծելու գաղափարին: Այնուամենայնիվ, նախարարի խոսքն ավելի համոզիչ էր խորհրդարանականների համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23 -ին ՙՌոսնեֆտ՚ նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի Հայաստան այցի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ ՙՌոսնեֆտ՚, ՙՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան՚ և ՙՌոսնեֆտ-Հայաստան՚ ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր: