Հայաստանի
իշխանությունների կողմից «բաց երկնքի» քաղաքականություն վարելը կարող է հանգեցնել
Երևան-Դելի ուղիղ չվերթի վերագործարկման: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է
Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն:
Նրա ասելով, ժամանակին Երևանից Դելի ուղիղ չվերթ էր
իրականացնում «Արմավիան», սակայն թռիչքները դադարեցվեցին, և այդ չվերթներն առայժմ
պահանջված չեն: Բոլոր ընկերություններն այժմ Հայաստանից տարանցիկ չվերթներ են
իրականացնում Դուբայով, Շարժայով, Մոսկվայով, Աբու Դաբիով: Ուղիղ չվերթ բացելու
հարցը քննարկվում է, սակայն առայժմ այդ առնչությամբ ոչ մի որոշում չի կայացվել,
նշել է դեսպանը: «Դա առևտրային հարց է, ոչ մի ավիաընկերություն չի թռչի հենց
այնպես` առանց տնտեսական օգուտը հաշվարկելու, եթե շուկա չկա: Սակայն ես կարծում
եմ, որ Հայաստանում «բաց երկնքի»
քաղաքականություն վարելուց հետո այդ հարցը կարող է լուծվել», - ասել է Սուրեշ
Բաբուն:
Դեսպանը նշել է, որ Հնդկաստանն առաջատար չէ
զբոսաշրջության առումով, սակայն գրավիչ երկրներից մեկն է: Անցյալ տարի Հնդկաստան է
այցելել շուրջ 7 մլն զբոսաշրջիկ, իսկ զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է
18,4 մլրդ դոլար: Նրա ասելով, զբոսաշրջությունը տնտեսության կարևոր հատված է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հնդկաստանի համար,
և Հնդկաստանի իշխանությունները մեծ ջանք են գործադրում այդ հատվածը զարգացնելու
համար: Նա նշել է, որ առկա է զարգացման մեծ
ներուժ, սակայն դրա իրացման համար անհրաժեշտ է զարգացնել ենթակառուցվածքը,
կիրառել պարզեցված վիզային ռեժիմ, պատրաստել սպասարկող անձնակազմ, գիդերի,
թարգմանիչների:
Սուրեշ
Բաբուի ասելով, Հայաստանից Հնդկաստան զբոսաշրջիկների հոսքը մեծ չէ` մյուս երկրների
համեմատ: Ամեն տարի Երևանում Հնդկաստանի դեսպանատունը տրամադրում է շուրջ 2 հազար
վիզա: Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ դրանցից շուրջ 1000-ը հնդիկ ուսանողներ
են, ովքեր տուն են վերադառնում: Համեմատության համար նա նշել է, որ, օրինակ,
Ռուսաստանից ամեն տարի իր երկիր է այցելում 250 հազար զբոսաշրջիկ: Սակայն դեսպանը
համոզված է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցությունը կարող
է հանգեցնել զբոսաշրջիկների հոսքի մեծացման և, ընդհանուր առմամբ, երկրների միջև
առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման: «Ուղիղ չվերթը հարմար է բոլորին,
ովքեր ցանկանում են թռչել տարանցմամբ: Այն կարող է հանգեցնել ուղևորահոսքի աճի:
Կարծում եմ` եթե ոչ այս տարի, ապա առաջիկա տարիներին ավիատորները կարձագանքեն, այդ
թվում` նաև Հնդկաստանում, և կգտնեն նոր երթուղիներ», - ասել է դեսպանը: