Հայաստանի ոստիկանության շենքի մոտ տեղի է ունեցել քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիա` ընդդեմ վերջին օրերին Կոմիտասի փողոցում ոստիկանության կիրառած ճնշումների: Ցուցարարների ձեռքին կան պաստառներ, որոնց վրա գրված է. ՙԱղոթքի փոխարեն օրենք կարդացեք՚, ՙՀերիք է լպստեք օլիգարխների կոշիկները՚:
Ակցիայի մասնակիցները մտադիր են այն ավարտել երթով դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից պահանջելով քրեական գործ հարուցել Կոմիտասի փողոցում բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների նկատմամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ուշ երեկոյան Կոմիտասի փողոցում բազմահարկ էլիտար շենքի կառուցման դեմ բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը դիմել է կոշտ միջոցների: Ծեծի են ենթարկվել և բերման ենթարկվել ակցիայի 40-ից ավելի մասնակիցներ, որոնց թվում է ARMENIA Today պորտալի գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանը։