Պրն. Էսկին, հայ-իսրայելական հարաբերություններում խնդրահարույց կետերից մեկը իսրայելական պետության` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ցանկության բացակայությունն է: Ինչո՞վ է պայմանավորված Թել Ավիվի նման դիրքորոշումը: Չէ որ, նույնիսկ եթե խոսենք realpolitik-ի նկատառումների և սկզբունքների մասին, Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններն այսօր այնքան էլ լավ չեն, միգուցե, բացառված չեն չճանաչման ավելի խորքային պատճառները, պատմեք մի փոքր դրանց մասին:
Ցավոք, մեկդարյա վաղեմության ողբերգությունից քաղաքական գործիչներն այսօր հաջողությամբ իրենց ձեռնտու սխեմաներ են ծեփում: Իսկ ինչ վերաբերում է հրեաներին և Իսրայելին, ապա աշխարհում ոչ ոք 1915 թվականի կոտորածի հրապարակման համար չի արել ավելին, քան մենք: Հիշեցնեմ մի քանի ազգանուն. Մանդելշտամ, Մորգենթաու, Լեմկին: Ես կարող եմ տրամադրել հրեա հեղինակների ողջ ցուցակ, ովքեր հավերժացրել են 1915 թվականի սպանդի զոհերի հիշատակը: Դժբախտաբար, ի պատասխան մենք չենք լսում ոչ միայն երախտագիտության խոսքեր, այլև հայկական միջավայրում վերջին տարիներին կիրառվում է հրեաններին ուղղված զրպարտություն, թե իբր հենց նրանք են Թուրքիայի իշխանություններին դրդել այն ոճրագործություններին: 2007 թ. ես այցելեցի Երևան և ապշած էի այնտեղ ինտելեկտուալների շրջանում հակասեմիտական տրամադրությունների մակարդակից: Դրանից հետո ես հարցի իմ ուսումնասիրությունը կատարեցի` http://avigdor-eskin.com/page.php3?page=6&item=500:
Այլ կերպ ասած`նման մթնոլորտի առկայության դեպքում շատ դժվար է խոսել միասնական դիրքորոշման մասին: Ընդունելով պատմության հայկական վարկածը` Իսրայելն ինքնըստինքյան ընդունում է հրեա ժողովրդի և սիոնական շարժման հասցեին արյունալի զրպարտությունը: Չեմ կարծում, թե Հայաստանը Հոլոքոստը կճանաչեր, եթե մեր գրքերում գրվեր, թե Հիտլերը և նրա բոլոր կամակատարները հայ էին կամ ծպտված հայեր, և գերմանացիները հրեաներին սպանում էին հայերի դրդմամբ: Դե եթե խոսում ենք այն մասին, թե ով է ում ճանաչում կամ` ոչ, ապա Երևանը Երուսաղեմը և Հոլանի բարձունքը չի ճանաչում Իսրայելի մաս: Բայց մենք նեղացկոտ չենք...
Մեր երկրների մերձեցմանը խոչընդոտող գործոնների թվում շատ փորձագետներ նշում են մի կողմից`Երևանի և Թեհրանի միջև սերտ համագործակցությունը, և մյուս կողմից`Թել Ավիվի և Բաքվի միջև ակտիվ փոխգործակցությունը: Որքանո՞վ է կենսունակ նման տեսակետը: Արդյո՞ք չի կարելի ցանկության դեպքում ինչ-որ առնչման կետեր գտնել`այդ ոչ խաղաղ տարածաշրջանում ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու նպատակով:
Այսօրվա դրությամբ Հայաստանի գլխավոր դաշնակիցն Իրանն է: Դա լավագույնս չի անդրադառնում մեր հարաբերությունների վրա: Խոսքը վերաբերում է Իրանի վարչակազմին, որն իր գոյության նպատակ է հայտարարում մեր ոչնչացումը: Այդուհանդերձ, երկու կողմի բարի կամքի առկայության դեպքում կարելի է գտնել մերձեցման ուղիներ: Ահմադինեջադն իջնում է բեմից, իսկ Իսրայելի և Իրանի իրական շահերն սկսում են շատ բանով մերձենալ: Արաբական գարունը, Կատարի և նրա հարևանների ագրեսիայի քաղաքականությունը, պատերազմը Սիրիայում, այդ բոլոր գործոնները պետք է հանգեցնեն Թեհրանում իրական ռազմավարների սթափվելուն:
Այս առնչությամբ պետք է հիշել, որ մինչև 1979 թվականն Իսրայելն ու Իրանը մերձավոր գործընկերներ էին, և այսօր երկու կողմում բարի կամքի առկայության դեպքում լիովին հնարավոր է վերականգնել այդ հարաբերությունները: Եվ այդ գործում Հայաստանը կարող է խաղալ առանձնակի դեր` հաշվի առնելով Թեհրանի հետ մերձավոր շփումները: Հայաստանի կառավարությունը կարող էր Երևան հրավիրել Իրանի մի քանի հարգարժան այաթոլլաների և Իսրայելի հեղինակավոր ռաբբիների` ավանդապահության հիման վրա երկխոսություն սկսելու համար: Նման քայլը Հայաստանին ոչ պակաս օգուտ կբերեր:
Այսօր որքանո՞վ է հավանական Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի ռազմական գործողությունը:
ԱՄՆ հարվածն Իրանին այժմ լրջորեն չի դիտարկվում: Կարծում եմ, որ հարկ չկա Իրանին առնչվող ճգնաժամը վերածել համաշխարհային բնույթի խնդրի: Իսկ ինչ վերաբերում է Իսրայելին, ապա մենք թույլ չենք տա, որպեսզի միջուկային զենք հայտնվի նրանց ձեռքում, ովքեր մեզ ոչնչացնելու բացահայտ կոչեր են անում: Իսրայելը կարող է ինքնուրույն գլուխ հանել այդ խնդրից: Իմ կարծիքով, դա պետք էր անել դեռ մեկ տարի առաջ:
Ի՞նչ դիրքորոշում ունի Իսրայելը Սիրիայի ճգնաժամի առնչությամբ: Արդյո՞ք հրեական պետությանը վտանգ չի ներկայացնում իր սահմանների մոտ անկայունության ևս մեկ օջախի ի հայտ գալը, և ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Թել Ավիվն իրավիճակի կարգավորման համար:
Իրավիճակը Սիրիայում կրիտիկական է .այդ երկրում քաղաքացիական պատերազմի երկու տարվա ընթացքում երկու անգամ ավելի արաբ է զոհվել, քամ Իսրայելի հետ կոնֆլիկտի 65 տարում: Սիրիայի օրինակով ամբողջ աշխարհը կարող է հասկանել, թե ինչ հարևաններ ունենք: Այնտեղ եղբայրը դաժանաբար սպանում է եղբորը, և ես պատկերացնում եմ, թե ինչ կանեին նրանք իսրայելցիների հետ, եթե նման հնարավորություն ընձեռվեր նրանց... Բուն հակամարտությունում Իսրայելը լիակատար չեզոքություն է պահպանում, ինչի համար բավականաչափ պատճառներ կան: Չնայած մեզ մոտ ավելի շուտ ՙցավում են՚ Ասադի համար. դաժան ահաբեկիչների շատ ծանոթ դեմքեր ենք մենք տեսնում ընդդիմության պարագլուխների շրջանում: Այս առումով Իսրայելի մոտ ի հայտ են գալիս ընդհանուր շահերը Իրանի հետ, որն, ինչպես հայտնի է, պաշտպանում է նախագահ Ասադին:
Չնայած Իսրայելի ռազմական ղեկավարությունն զգաստ է և պատրաստ է հյուսիսային սահմանին ցանկացած սադրանքների`այնուամենայնիվ, իրական սպառնալիք հրեական պետության համար չկա: Մեր ռազմական առավելությունը հիմա այնքան ակնհայտ է, որ լուրջ տագնապի հիմք չկա:
ՙԱրաբական գարունը՚, ԱՄՆ-ում և Եվրոպայում թերթաքարային հեղափոխության հետ միասին, հետ կշպրտեն արաբական երկրները միջնադար: 5-10 տարի անց վերջիններիս միջազգային ազդեցությունը մոտավորապես նույնը կլինի, ինչ այսօր Նիգերիայի կամ Սոմալիի ազդեցությունը: Իսկ Իսրայելը պետք է իրեն զուսպ պահի և չենթարկվի սադրանքների:
Թուրքիայի ռևերանսները դեպի արաբական աշխարհի կողմը հանգեցրել են Իսրայելի հետ հարաբերությունների լուրջ վատթարացման: Ձեր կարծիքով, ի՞նչ խնդիր է իր համար լուծել Անկարան`առճակատման գնալով տարածաշրջանում կայուն և հզոր դաշնակցի հետ:
Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները միշտ եղել են երդիմի: Մի կողմից` մեր մերձեցումը բնական է, քանզի երկու երկրներն էլ պատկանում են ոչ արաբական փոքրամասնությանը Մերձավոր արևելքում: Մյուս կողմից` սիոնական շարժման և Իսրայելի նկատմամբ բացասական վերաբերմունքը Թուրքիայում իր լուրջ արմատներն ունի: Կարելի է փաստել, որ այսօր թուրքական վերնախավում ամրապնդվել է Իսրայելի նկատմամբ ամենաբացասական վերաբերմունք: Դա մենք տեսնում ենք թե իսլամականների, թե ազգայնականների շրջանում, որոնք երազում են ՙՄեծ Թուրանի՚ մասին: Իսկ բուն ժողովրդի շրջանում մենք հակառակ միտում ենք դիտում: Դա վերաբերում է նաև միջին սպայակազմին: Սակայն, որ ժողովրդի շրջանում բարի կամքի և բարյացկամ վերաբերմունքի այդ դրսևորումներն առայժմ չեն ազդում այդ երկրի քաղաքականության վրա: Ավելին, Սիրիայի և Գազայի հատվածի նկատմամբ Անկարայի դիրքորոշման պատճառով դեպի լավը ոչ մի տեղաշարժ չի ակնկալվում: Մենք Թուրքիայում դիտում ենք նաև ռևանշիստական տրամադրությունների աճ: Իսրայելն այդ դեպքում անխուսափելիորեն դառնում է Թուրքիայի մրցակիցն ու զսպող ուժ: Մեր հարաբերությունների ապագայի կանխատեսումները բավականին հոռետեսական են: Թուրքիայում դիտվում է պանիսլամական միտումների առաջացում, որի գլխավոր գաղափարը ՙՄեծ Թուրանի՚ դոկտրինայի կրոնական նեցուկ լինելն Է: Թվում է, Անկարան կփորձի ՙճզմել՚ ՙարաբական գարունը՚: Այդ իրավիճակում Իսրայելը նրանց համար դառնում է գլխավոր խոչընդոտն իրենց ծրագրերի իրագործման համար:
Վերադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների թեմային`պետք է ասեմ, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարող են բարելավվել նաև անկախ Թուրքիայի հետ Իսրայելի խնդիրներից, քանի որ Հայաստանին հետաքրքրող հարցերի վերաբերյալ դիրքորոշումն առնչվում է իրավիճակի Իսրայելի տեսլականին, այլ ոչ թե թելադրված է Անկարայի կողմից: Հայաստանն այժմ իր պատմության ողբերգական շրջան է ապրում: Իսրայելի օրինակը կարող էր նրա համար մեծապես օգտակար լինել: Մեր հարաբերություններում առկա ճգնաժամը կարելի է հաղթահարել ստից, նախանձից և չպատճառաբանված ատելությունից հրաժարվելու դեպքում: Եթե երկխոսությունը կառուցվի այդպիսի հիմքի վրա, ապա այն կհանգեցնի արարման և մեր գոյության խորքային հին արմատների ըմբռնման: