Ղարաբաղյան պատերազմի վետերաններն արդեն մեկ ամիս է, ինչ ամեն հինգշաբթի Ազատության հրապարակում հանրահավքաքներ են անցկացնում, հայտարարելով աշխարհազոր ստեղծելու մասին, որը զանազան ակցիաների միջոցով իր շուրջը կհամախմբի երկրի բնակչությանը և, անհրաժեշտության դեպքում, իշխանափոխության միջոցով կկանխի Հայաստանի փլուզումը: Այս մասին ՙԱզատություն՚ ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում հայտարարել է վետերան Խաչիկ Ավետիսյանը:
ՙԵթե ժողովուրդը համաձայնվի, ապա մենք կստեղծենք աշխարհազոր: Աշխարհազորի նպատակն այն չէ, որպեսզի պատերազմի դեպքում զենք վերցնի ու կռվի, ոչ, մենք ասել ենք` մենք առանց արյունահեղության կգնանք իշխանափոխության՚,-հայտարարել է Ավետիսյանը: Վետերանների մի մասը, մոտ երեք ամիսն առաջ սկսելով բողոքի ակցիաները, շարունակելով հնչեցնել բացառապես սոցիալական պահանջներ, հանդիպումներ իրականացնելով նաև մարզերում: Իսկ վետերանների մյուս խումբը, որը հայտարարեց համազգային միասնություն, աշխարհազորների ձևավորման միջոցով մտադիր է Հայաստանում հասնել համակարգային փոփոխությունների: Կտրուկ քննադատություններ հնչեցնելով իշխանությունների հասցեին, նրանք արդեն հայտարարում են, որ եթե իշխանությունները շարունակեն անտեսել իրենց պահանջները, ապա իրենք կսկսեն իշխանափոխության գործընթացը:
ՙՄենք կոչ էին անում` եկեք համախմբվենք ժողովրդի շուրջ, կոչ էինք անում նաև կուսակցություններին` եկեք համախմբվենք ժողովրդի շուրջ, եկեք բոլորս միավորվենք, մի կողմ թողեք ձեր ամբիցիաները, մի կողմ դրեք ձեր դրոշները, ձեր կապինետներում թողեք ձեր շքանշանները, եկեք այստեղ, տեսնենք, թե ինչ կարող ենք անել ազգովի՚,-ասել է Խ.Ավետիսյանը, շարունակելով,- ՙփաստորեն նրանք չեն գալիս, իսկ դա նշանակում է, որ նրանք չեն պայքարել հանուն ժողովրդի: Եկել է պահը, հենց այսօր, և մենք բոլորս կանգնել ենք փաստի առջև՚: Ավետիսյանն ասել է, որ իրենք հանդիսանում են ոչ քաղաքական կազմակերպություն, և չկա այնպիսի քաղաքական ուժ, որին նրանք կգերադասեին տեսնել իշխանական ղեկին: Բայց եթե հանկարծ ներկայիս իշխանությունները անուշադրության մատնեն իրենց կոչերը և չգան Ազատության հրապարակ, ապա իրենք միջոցներ կձեռնարկեն նրանց հրաժարականների ուղղությամբ, միաժամանակ ձեռնամուխ լինելով նոր իշխանության ձևավորմանը`ազատ և արդար ընտրությունների միջոցով:
Հաջորդ հիգշաբթի վետերաններն Ազատության հրապարակում կքննարկեն աշխարհազորի ստեղծման հարցերը: Այդ պայքարին են միացել նաև ՙԺառանգություն՚ կուսակցությունը, ՙՆախախորհրդարանը՚, ինչպես նաև երկու տասնյակից ավելի կազմակերպություններ: