Զինված ուժերի շփման գծում խաղաղ բնակիչների մահը մեծ ողբերգություն է: Ինչպես հաղորդում է APA-ն, այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
ՙՈւստի մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող երկար տեւել եւ պետք է լուծվի որքան հնարավոր է շուտ: Կտրականապես հայտարարում ենք, որ երկու կողմերից խաղաղ բնակիչների մահն անթույլատրելի է՚, - հայտարարել է դիվանագետը:
Դեսպանը նաեւ պատմել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքի տարածաշրջան կայանալիք այցելության մասին: ՙՄենք անհամբեր սպասում ենք Հարավային Կովկաս նրա ժամանմանը: Ես նրան շատ լավ եմ ճանաչում: Նա շատ փորձառու դիվանագետ է: Քանի որ Ջեյմս Ուորլիքը շատ ստեղծարար մարդ է, վստահ եմ, որ իր նոր գաղափարներով նա ներդրում կունենա առկա գործընթացներում՚, - ընդգծել է դիվանագետը: