2014 թ. Հայաստանը վեցերորդ անգամ կմասնակցի Կաննի կինոփառատոնի Կինոշուկային, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը:
Գևորգյանը նշել է, որ Կինոշուկան աշխարհի տարբեր երկրների իրենց գործընկերների հետ կապեր հաստատելու լավ հարթակ է դարձել հայ կինեմատոգրաֆիստների համար: Բացի այդ, այն թույլ է տալիս նրանց գործընկերներ գտնել իրենց նախագծերի ֆինանսավորման ու իրականացման համար: Նախորդ տարիներին Հայաստանի մասնակցությունը Կինոշուկային շոշափելի արդյունքների է հանգեցրել:
Օրինակ`անցած տարի Կինոշուկայի շրջանակներում ՙՊարալլելս ֆիլմ փրոդաքշն՚ հայկական ընկերությունը և Սթանֆորդի համալսարանն ստորագրել են Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների էկրանավորման իրավունքի փոխանցման պայմանագիր: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Eurimages կինոյի աջակցման եվրոպական հիմնադրամին Հայաստանի անդամակցության վերաբերյալ:
2013 թ. Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում են ներառվել հայկական ՙՈրսորդը՚ /ռեժիսոր Արա Արուշ/ և ՙԲավական՚ /ռեժիսոր Ադրինե Գրիգորյան/ ֆիլմերը: Բացի այդ, Կինոշուկայում ներկայացվել են Մարիա Սահակյանի ՙԱյդ ես չեմ՚ և Ռուբեն Քոչարի ՙԻմ անունն է Վիոլա՚ ֆիլմերը: