Եղանակի կտրուկ վատացումից
հետո Հայաստանում ջերմաստիճանի բարձրացում է սպասվում: Ինչպես հոկտեմբերի 21-ին
մամուլի ասուլիսում հաղորդել է Հայհիդրոմետի օդերևութաբանության կենտրոնի ղեկավար
Զարուհի Պետրոսյանը, վերջին 2-3 օրերին Հայաստանի ողջ տարածքում դիտվում էին
տեղումներ, ընդ որում Սյունիքում` ձյան տեսքով, ինչի արդյունքում Գորիսում ձյան
շերտը հասել է 5 սմ: Անցած գիշեր հանրապետությունում դիտվել է ջերմաստիճանի
նվազում` բացի Արարատյան դաշտավայրից:
Մինչդեռ, ինչպես նշել է
Պետրոսյանը, նման եղանակային պայմանները հոկտեմբերին անոմալիա չեն: Այսպես, 2013
թվականին առաջին ձյունը տեղացել է
հոկտեմբերի 7-ին, ընդ որում, լեռնային շրջաններում ձյան շերտի բարձրությունը
կազմել է 10-14 սմ: Այս տարի ձյան տեղումներն սկսվել են հոկտեմբերի 18-19-ին, այն
էլ` միայն Սյունիքի մարզում:
Մինչդեռ ջերմաստիճանի
նվազումը, որը պայմանավորված է հյուսիս-արևելքից օդի ցուրտ հոսանքների
ներթափանցմամբ, երկար չի տևի: Առաջիկա օրերին հանրապետության տարածքում կհաստատվի
պարզ եղանակ, կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում: Շաբաթվա կեսին օդի
ցերեկային ջերմաստիճանը կհասնի +16 +18 աստիճանի: Մեղրիում սպասվում է մինչև +19
աստիճան:
Արդեն վաղը մայրաքաղաքում
կանխատեսվում է +14 - +18 աստիճան: Տաք
եղանակը կպահպանվի մինչև հոկտեմբերի 25-ը, երբ Հայաստանի մի շարք շրջաններում
սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի նվազում:
Պետրոսյանի
ասելով, 2013 թվականի հոկտեմբերն ավելի ցուրտ էր, քան այս տարվանը: 2014 թվականին
ամսական միջին նորմայից ավելի ցածր ջերմաստիճան չի դիտվել: Այսպես, հունվարին օդի
ջերմաստիճանը 2 աստիճանով բարձր է եղել նորմայից, իսկ փետրվարին` 1-3 ստիճանով,
մարտին և օգոստոսին` 1-4 աստիճանով, իսկ մնացած ամիսներին` 1-2 աստիճանով: