Մեծ
Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը մտահոգություն է հայտնել
ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության դեպքերի առնչությամբ և բոլոր կողմերին
կոչ է արել թուլացնել լարվածությունը: Այդ մասին ասվում է Միացյալ Թագավորության
արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:
«Անցած շաբաթ ականատեսն էինք ԼՂ-ի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանում արագ վատթարացող իրավիճակի: Մարդկային զոհերը և մեծաքանակ ռազմական տեխնիկայի օգտագործումը ամենամտահոգիչն են հրադադարի քսանամյա պատմության մեջ», - ասվում է հայտարարությունում:
Այդ առնչությամբ ՄԹ-ն դիմում է երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին` կոչ
անելով անհապաղ գործողություններ
ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու
նպատակով և հավատարիմ մնալ 1994-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրին: «Մենք խորապես վշտացած ենք երկու կողմերի մարդկային կորուստների համար: Հիշեցնելով Եվրոպայի գծով նախարար Դեյվիդ Լիդինքթոնի՝ հրադադարի 20 ամյակի հետ կապված մայիսին արված հայտարարությունը, հորդորում ենք կողմերին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ», -
ասվում է հայտարարությունում: