ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ո’չ հաստատում, ո՜չ էլ հերքում է հայկական ԶԼՄ-ների տեղեկատվությունը, թե ադրբեջանական կողմը կրակ է բացել ուղղաթիռի ուղղությամբ, որով թռիք է կատարել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ՙՈւղղաթիռի վրա գնդակի հետքեր չկան՚,- նշել է Հովհաննիսյանը:
Նախօրեին`11:00-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ուղղաթիռով ժամանել է Նոյեմբերյանի զորամաս: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները`վկայակոչելով Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչներին, սահմանի այդ հատվածում ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել նախարարին տեղափոխող ուղղաթիռի ուղղությամբ, որը թռչել է ցածր բարձրության վրա:
Նախարարը տեղում ծանոթացել է մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մանրամասներին, և մոտավորապես երկու ժամ անց ուղղաթիռով վերադարձել Երևան:
Հիշեցնենք, որ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել մայիսի 15-ին` ժամը 15:30-ի սահմաններում: Ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Մայիսի 18-ին որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քր. օր-ի 112 հոդ-ի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչպես նաև որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին: