Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ
համապարփակ հաշտության համաձայնագրի մշակման գործընթացում հարկավոր է հաշվի առնել
բոլոր ներքաշված կողմերի կարծիքները, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի
համանախագահ Ջեյմս Ուորլիքը 1news.az-ի հետ հարցազրույցում:
«Միացյալ Նահանգները ճանաչում է միայն երկու ինքնիշխան
պետություն` Հայաստանն ու Ադրբեջանը: Կան նաև հակամարտությունում ներքաշված
կողմեր` Լեռնային Ղարաբաղի մարդիկ և փախստականներն ու ներքին տեղահանվածները,
որոնք հակամարտության զոհ են դարձել», - ընդգծել է նա:
Ամերիկացի միջնորդն անընդունելի է համարել ստատուս-քվոն,
որն օրեցօր դառնում է ավելի վտանգավոր, քանի որ սպառնում է պատերազմի վերսկսում:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքներն օկուպացված են և պետք է վերադարիձվեն
Ադրբեջանի ինքնիշխանության ներքո: Դա համապարփակ հաշտության համաձայնագրի տարրերից
մեկն է: Համանախագահները նույն ձևակերպումներն են կիրառել իրենց մայիսի 12-ի
հայտարարությունում, որը նվիրված էր հրադադարի շուրջ համաձայնագրի կնքման 20-րդ
տարեդարձին: Այդուհանդերձ, որպեսզի հաշտության համաձայնագիրը դառնա հնարավոր,
անհրաժեշտ է, որպեսզի կողմերն ընդունեն բոլոր վեց տարրերը», - հայտարարել է
Ուորլիքը:
Նա
ընդգծել է աշխատանքը շարունակելու անհրաժեշտույթունը` վերջնական հաշտության
համաձայնագրին հասնելու համար: «Ես իմ խնդիրն եմ համարում հասնել այն բանին,
որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի նախագահները շուտով ևս մեկ հանդիպում անցկացնեն, և
մենք կարողանանք սկսել հաշտության բանակցությունները` արդյունքում այդ
հակամարտության լուծման հասնելու նպատակով: Հաշտությունը հասանելիության սահմաններում
է` եթե դրա համար առկա է քաղաքական կամք: Հապա ե՞րբ` եթե ոչ հիմա», - ամփոփել է
ամերիկացի միջնորդը: