Ընտրություններն անցան լարված և մրցակցային մթնոլորտում, ասվում է Երևանի ավագանու ընտրությունների անցկացման վերաբերյալ ՔՀԻ–ի նախնական եզրակացությունում:
ՙՏեղամասերում և տեղամասերից դուրս մարդկանց խմբեր և առանձին անհատներ ճնշումներ էին գործադրում ընտրական գործընթացի մասնակիցների վրա։ Ճնշողների մեկ մասը ներկայանում էին որպես Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) վստահված անձինք, ինչպես նաև՝ տարբեր դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներ։
Խոչընդոտներ են եղել լրագրողների և դիտորդների կողմից լուսանկարահանում և տեսանկարահանում կատարելու համար՝ ինչպես ուղղակի, այնպես էլ՝ անուղղակի՝ վախի մթնոլորտի պատճառով։ Ձայների հաշվարկը սկսվել է նյարդային և լարված մթնոլորտում, և իրավիճակը հարթվել է միայն այն պահից հետո, երբ տվյալները ցույց են տվել, որ ՀՀԿ–ն հաղթում է։
Ընտրությունների արդյունքների մասին վերջնական եզրակացություններ կարվեն գործընթացի մասնակիցների կողմից բողոքների ներկայացման և դրանց հետագա ընթացքն ու կայացված որոշումներն ուսումնասիրելուց հետո՚,- ընդգծվում է ՙՔաղաքացիական հասարակության ինստիտուտ՚ (ՔՀԻ) հասարակական կազմակերպության հայտարարության մեջ: