Հոկտեմբերի 12-ից Վրաստանի և Ռուսաստանի սահմանում
գտնվող «Վերին Լարս» ավտոմոբիլային անցակետը շուրջօրյա ռեժիմից անցել է
աշխատանքի ցերեկային ռեժիմի, հաղորդել է
Ռուսաստանի ԱԴԾ Հյուսիսային Օսիայի սահմանապահ վարչության մամուլի ծառայության
ղեկավար Ալեքսանդր Սոլոդը, հաղորդում է «Բլաք սի պրեսը»` վկայակոչելով
հյուսիս-օսական տեղեկատվական պորտալը:
Օգոստոսի 20-ի սելավից
հետո Դարիալի կիրճում անցակետի մոտ մեքենաների բազմակիլոմետրանոց հերթեր էին
գոյացել: Սեպտեմբերին խցանումներն զգալիորեն կրճատվել էին, «Վերին Լարս» հսկիչ
անցակետն սկսել էր աշխատել շուրջօրյա ռեժիմով: Ընդ որում Վրաստանի «Կազբեկ» հսկիչ
անցակետն աշխատում է ժամը 6-ից մինչև 19-ը, նշվում է հաղորդագրությունում: Մամուլի
ծառայության ղեկավար Ալեքսանդր Սոլոդի ասելով, վրացական կողմի առաջարկությամբ
հոկտեմբերի 12-ից ռուս-վրացական սահմանում գտնվող «Վերին Լարս» անցակետն անցնում է
աշխատանքի ցերեկային ռեժիմի` ժամը 7:00-ից մինչև 18:00` Մոսկվայի ժամականով:
Ավտոտրանսպորտի մուտքը անցակետի տարածք կդադարեցվի աշխատանքի դադարեցումից 30 րոպե
առաջ, նշել է նա: «Վերին Լարս» բազմակողմանի ավտոմոբիլային անցակետը ռուսական
կողմից ունի 12 ուղի` 6-ը մուտքի, նույնքան էլ` ելքի համար: Հսկիչ անցակետի
թողունակությունը կազմում է օրական 2300 մարդ, 30 ավտոբուս, 170 ուղևորատար և 200
բեռնատար փոխադրամիջոց:
Հիշեցնենք,
որ վերջերս Մոսկվայում գյուղատնտեսական ցուցահանդեսի ժամանակ «Վերին Լարս» հսկիչ
անցակետի աշխատանքը կանոնավորելու անհրաժեշտության մասին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ խոսել էր
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նշենք, որ դեպի Հայաստան
բեռնափոխադրումների հիմնական հոսքն իրականացվում է բեռնատար ավտոտրանսպորտով`
«Վերին Լարս» հսկիչ անցակետով: