Ինչպես հայտնի է դարձել, ՌԴ կառավարության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով կառավարությունում համակարգում է պաշտպանական արդյունաբերության զարգացման հարցերը, նախագահ Վ. Պուտինի կողմից նշանակվել է տնտեսական համագործակցության ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ: Հայ հասարակայնությունը, հատկապես` միջին սերնդի ներկայացուցիչները, լավ գիտեն, որ Դուք և Ձեր գլխավորած Հայաստանի քաղաքագետների միությունը դեռ 90-ական թթ. սկզբից սերտորեն համագործակցել եք Դ. Ռոգոզինի և նրա հրմնադրած Ռուսական համայնքների կոնգրեսի հետ: Այս առնչությամբ ի՞նչ կարելի է սպասել այդ նշանակումից, և կարո՞ղ է այն ազդել Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի քաղաքականության վրա:
Միանգամից պետք է նշեմ, որ այդ քաղաքականությունը որոշվում է Նախագահի կողմից, իսկ Ռոգոզինը, լինելով Պուտինի հավատարիմ համախոհը, օժտված է անհրաժեշտ բոլոր պրոֆեսիոնալ որակներով` դրա ճշգրիտ իրականացման համար: Ռուսաստանի քաղաքականության էությունը, այսպես կոչված, ինքնահռչակ պետությունների նկատմամբ սահմանված է նախագահ Պուտինի կողմից` կապված Ռուսաստանի կողմից Ղրիմի ժողովրդի կամարտահայտման արդյունքների ճանաչման հետ: Այն պետք է համապատասխանի երկու հիմնարար չափորոշիչների: Դա առաջին հերթին ազգերի ինքնորոշման իրավունքի անվիճելի ճանաչումն է`որպես Աստվածատուր արժեք: Երկրորդ կարևորագույն չափորոշիչն այդ անքակտելի իրավունքի ունիվերսալ նշանակության, դրա կիրառման հնարավորության մեկնաբանություններում երկակի չափանիշների անթույլատրելիության ճանաչումն է: Նախագահ Պուտինի կողմից ատլանտիզմի քաղաքականության քննադատությունը`ուղղված Կոսովոյի ինքնորոշման ճանաչման և Ղրիմի ինքնորոշման իրավունքի հերքման մոտեցումներում երկակի չափանիշների արմատավորմանը, նշանակում է Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի Կանոնադրությունում ամրագրված`ազգերի ինքնորոշման ունիվերսալ իրավունքի սկզբունքի պաշտպանության գործում սեփական կարևորագույն առաքելության հաստատում:
Բնական
է, որ Ռուսաստանի ստանձնած այդ առաքելությունը չի կարող էապես չազդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եղանակների որոշման վերջինիս մոտեցումների վրա: Պուտինի հայեցակարգը բազմաբևեռ աշխարհի հայեցակարգն է, որն անհնար է կառավարել ինչ-որ մի կենտրոնից: Այդ բազմաձև աշխարհում ներդաշնակություն, կարգ ու կանոն պետք է ապահովվի ոչ թե որևէ մեկի թելադրանքով, այլ ազգերի ինքնորոշման իրավունքի` համընդունելի, բոլորի վրա տարածվող ունիվերսալ եղանակով: Նման ունիվերսալ միջոց է հանրաքվեն. երբ ժողովուրդն ինքը, ազատ կամարտահայտման ճանապարհով, ինչպես տեղի է ունեցել ավելի քան քսան տարի առաջ Ղարաբաղում և բոլորովին վերջերս Ղրիմում, որոշում է իր ճակատագիրը: Իհարկե, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական լուրջ տեղաշարժերի համատեքստում, որոնք անխուսափելիորեն հանգեցնում են ռազմավարական առումով խիստ կարևոր կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցակցության սրմանը, նման անձի ներգրավումը, ինչպիսին Դմիտրի Ռոգոզինն է, ամենևին պատահական չէ: Եվ վերապահումները, որ այստեղ, ի տարբերություն Մոլդովայում նրա առջև դրված խնդիրների, որտեղ Ռոգոզինը Մերձդնեստրի խնդիրների գծով Նախագահի հատուկ ներկայացուցիչն է, զբաղվելու է միայն տնտեսական բնույթի խնդիրներով, համոզիչ չեն:
Ուզում եք ասել, որ ռազմաարդյունաբերական համալիրը համակարգող փոխվարչապետը կստանձնի նաև Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման դիվանագիտական գործառու՞յթը: Չե՞ք կարծում արդյոք, որ Ռոգոզինն այդ համատեքստում պատասխանատու կլինի նաև Ադրբեջանին Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի շրջանակը ՙվերադարձնելու՚ համար:
Ժամանակակից հետմոդեռնիստական աշխարհում ճիշտ նույն չափով, որքանով քաղաքականությունը տնտեսության խտացրած արտահայտությունն է, վերջինս քաղաքականության խտացրած արտահայտությունն է: Դրա վկայությունը տնտեսության տեսակետից միանգամայն անմիտ պատժամիջոցներն են, որոնցով Արևմուտքի երկրները սպառնում են Ռուսաստանին: Վերջերս, երբ Վլադիմիր Պոզները եթերով հարցրեց Ալեքսանդր Դուգինին ռուսական աշխարհի աշխարհագրական սահմանների մասին, Դուգինը պատասխանեց կարճ և միանշանակ. ՙՊետք է նկատի ունենալ նախկին Խորհրդային Միության արտաքին քաղաքական սահմանները՚: Պոզները կրկին հարցրեց. ՙԱրդյո՞ք դա նշանակում է, որ խոսքը վերաբերում է նաև Հարավային Կովկասի երկրներին: Պատասխանը նույնքան կարճ էր. ՙԱյդ երկրները, անշուշտ, ռուսական աշխարհի մաս են կազմում՚: Դմիտրի Ռոգոզինը հավատարիմ է այդ դիրքորոշմանը դեռ 1993 թվականից, երբ հիմնադրեց Ռուսական համայնքների կոնգրեսը, և մինչ այժմ երբեք չի դավաճանել այդ դիրքորոշմանը: Հետաքրքիր է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի սահմաններից դուրս հայտնված ռուսների համախմբման` ըստ էության, հետխորհրդային երկրներում ռուսական համայնքների ստեղծման և դրանց հետագա միավորման ճանապարհով ռուսական աշխարհի վերաինտեգրման գաղափարը, առաջին անգամ Դմիտրիի մոտ հղացել է 1992 թ. աշնանը Մոսկվայում` Խաղաղության պաշտպանության կոմիտեի նիստերի դահլիճում, իր կողմից կազմակերպված ՙՂարաբաղյան սինդրոմը ռուսական դիվանագիտությունում՚ խորհրդաժողովի հետ կապված: Այդ ժամանակ Դմիտրին գլխավորում էր Ռուսաստանի երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան և հրավիրել էր ինձ` որպես 1991 թվականից Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, խորհրդաժողովում ներկայացնելու խնդրի առնչությամբ հայկական տեսակետը: Իսկ քանի որ այդ ընթացքում մենք արդեն ընկերացել էինք, ես իմ օգնությունն առաջարկեցի նաև կազմակերպչական հարցերում` Հայաստանից և Ադրբեջանից մասնակիցների մասով, որտեղ ես շատ ընկերներ և գործընկերներ ունեի, որոնց հետ ՄՊՀ-ում ուսանողական և ասպիրանտական համատեղ տարիներից հետո պահպանվել էին մարդկային ջերմ հարավերություններ: Դմիտրին ուրախությամբ ընդունեց այդ առաջարկը, և այդ ժամանակ ես խորհուրդ տվեցի խորհրդաժողովին մասնակցելու համար հրավիրել ռուսական համայնքների ներկայացուցիչներին Հայաստանից և Ադրբեջանից: Գաղափարը Ռոգոզինին շատ դուր եկավ: Քանի որ ես շփումներ ունեի համայնքների ղեկավարների հետ, արագ կապվեցի նրանց հետ և Դմիտրի Օլեգովիչի անունից հրավիրեցի Մոսկվա` մասնակցելու խորհրդաժողովին: Եվ ես վստահ եմ, որ հենց խորհրդաժողովի ընթացքում և դրանից անմիջապես հետո, արյունալի դիմակայության գծի տարբեր կողմերում հայտնված ռուս մարդկանց հետո զրույցների ընթացքում Դմիտրին առաջին անգամ գիտակցեց բաժանված ժողովրդի ողբերգությունը: Չեմ կասկածում, որ հենց այդ ժամանակ, այդ շփման արդյունքում նա լցվեց վճռականությամբ` նվիրելու իրեն, իր մտավոր և կազմակերպչական տաղանդը ռուսական աշխարհի ամբողջականության վերստեղծման գործին:
Ի դեմս Ռոգոզինի` Դուք տեսնում եք իսկական պետական, քաղաքական գործչի, ով ի վիճակի է իրագործել այդ ոչ հեշտ խնդի՞րը:
Հետխորհրդային ողջ տարածքում դժվար է գտնել թեկուզ մեկ տասնյակ այնպիսի քաղաքական գործիչ, ովքեր այդքան հետևողականորեն, առանց մեկ քայլ անգամ շեղվելու ընթանան ընտրած ճանապարհով: Եվ, այնուամենյանիվ, չնայած անտարակուսելի արժանիքներին`ինքնաիրացման որևէ հնարավորություն այդ ճանապարհին Ռոգոզինը չէր կարող ունենալ, եթե Ռուսաստանի կառավարման ղեկը Վլադիմիր Պուտինի ձեռքում չլիներ: Դրանում է կայանում պետության ղեկավարի դերի ունիկալությունը: