Կոմիտաս 56 շենքի բնակիչները խստորեն դատապարտում են մի շարք պաշտոնատար անձանց կողմից օրեր առաջ հանիրավի հոգեբուժարան տեղափոխված Ամալյա Նազարեթյանին լրատվամիջոցներում որպես հոգեկան հիվանդ ներկայացնել ու խայտառակ իրողությունը:
ՙԵրկար տարիներ ճանաչելով Ամալյա Նազարեթյանին, բոլորս փաստում ենք, որ նա լիովին նորմալ, ադեկվատ և ինտելիգենտ անձնավորություն է, երկար տարիներ դասավանդած Օստրովսկու ուսումնարանում, իսկ «Իդեալե խանութի տերերի կամայականությունների դեմ ընդվզելու համար հոգեբուժարան տեղափոխելն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ: Ցավում ենք, որ մեր երկրում հարցեր լուծելու համար դեռևս օգտագործվում են խորհրդային «լավագույնե տարիներին բնորոշ մեթոդները: Պահանջում ենք շտապ դուրս գրել Ամալյա Նազարեթյանին հոգեբուժարանից՝ միաժամանակ կոչ անելով լրագրողներին և իրավապաշտպաններին պահանջել հանդիպում տիկին Նազարեթյանի հետ և համոզվել մեր հայտարարության իսկության մեջ՚,- ասվում է ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՙՀայկական ժամանակը՚ հաղորդել է, որ մայիսի 24-ի երեկոյան խմբագրություն է ահազանգել Երևանի Կոմիտաս 56 հասցեի շենքի բնակիչներից մեկը՝ ասելով, որ իրենց հարևանուհուն բռնի ուժով տեղափոխել են հոգեբուժարան. Նա հաղորդել է, որ Նազարեթյանի բնակարանը զբաղեցնում է նույն շենքի առաջին հարկում գտնվող ՙԻդեալ՚ խանութի երկրորդ հարկը: Եվ ահա, ըստ հարևանուհու, խանութի տերերը որոշել են շինարարական փոփոխություններ կատարել առաջին և երկրորդ հարկերի միջև: Ամալյա Նազարեթյանը դեմ է եղել, ինչն էլ նրա հարկադիր բուժման պատճառ է դարձել: Թերթի թղթակիցներն այցելել են Ավանի հոգեբուժական կլինիկա: Այստեղ էլ պարզվել է, որ օրեր առաջ իրենք դատարանից որոշում են ստացել Նազարեթյանին հարկադիր բուժման ենթարկելու մասին: ՙՀոգեբուժարանի տարբեր աշխատակիցների հետ զրույցի պատկերը հետեւյալն է. Ամալյա Նազարեթյանն իրեն ագրեսիվ է պահում, անեծքներ տեղում, ինչն էլ, նրանց կարծիքով, հենց հոգեկան խանգարման նշան է: Նազարեթյանին չեն թույլատրում նաեւ բակ դուրս գալ, վախենում են փախչի՚,- նշել է թերթը:
ՙԻդեալ՚ խանութների ցանցը մտնում է ՙԻմէքս գրուպ՚ ընկերության մեջ, որի ղեկավարը գործարար Նորայր Խաչատրյանն է: Թերթը նշում է, որ ՙԻդեալ՚ խանութների ցանցը կապվում է
Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի անվան հետ: