Ազգային
ժողովը մարտի 12-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է
հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի փոփոխությունների մասին օրինագիծը, որով
առևտրային գովազդի հեռարձակումը Հանրային հեռուստատեսությամբ կարգելվի: Փոփոխության
ընդունման օգտին քվեարկել է 85 պատգամավոր, դեմ` 5-ը, ևս 18-ը ձեռնպահ է մնացել:
Հիմնավորելով
փոփոխության անհրաժեշտությունը` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է,
որ այդ քայլը կոչված է ապահովելու Հայաստանի հանրային հեռուստատեսության
անկախությունը գովազդատուներից, ինչպես նաև կազատի եթերային ժամանակը հանրային
կարևոր ծրագրերի համար:
Խորհրդարանական
ընդդիմությունը նախարարի հիմնավորումներին համաձայն չի եղել: Ընդդիմադիրների
գնահատմամբ, այդ բարեփոխումը կոչված է ապահովելու Հայաստանի նախագահի փեսայի`
Միքայել Մինասյանի մենաշնորհը երկրի գովազդային շուկայում: Այսօր նախքան
քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշել է, որ խմբակցությունը
դրական է գնահատում ուղղումների հայեցակարգը, սակայն, հաշվի առնելով նպատակները,
որոնք հետապնդում են այդ ուղղումները, ՀԱԿ ձեռնպահ կմնա քվեարկության ժամանակ: