Կիպրոսում գրանցված WLISPERA HOLDINGS LIMITED օֆշորային ընկերության սեփականության մասին փաստաթղթերի ներքո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրությունը չկա: Այդ մասին հաղորդել է վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում:
Նա նշել է, որ ավելի վաղ վարչապետ Տիգրան Սարգսյանի գրասենյակը Կիպրոսի իրավաբանական ընկերություններից մեկի միջոցով դիմել էր Կիպրոսի Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրին` պարզելու համար, թե արդյոք Տիգրան Սարգսյանի անունը նշված է WLISPERA HOLDINGS LIMITED ընկերության սեփականատերերի թվում, իսկ նրա ստորագրությունը` ընկերության սեփականության վերաբերյալ փաստաթղթերի ներքո: Բերբերյանի հավաստմամբ, Կիպրոսից արդեն ստացվել է հարցման պատասխանը, և դրանում ասվում է, որ վարչապետի ստորագրությունն այդ ընկերության սեփականության մասին փաստաթղթերի ներքո չկա: Բերբերյանը հրաժարվել է հայտնել այլ մանրամասներ, ընդգծելով, որ բոլոր նյութերը հանձնվել են Հայաստանի գլխավոր դատախազություն, ուր ավելի վաղ դիմել էր ինքը` վարչապետը, առաջարկելով ուսումնասիրել օֆշորային սկանդալին առնչվող գործը, որտեղ հոլովվում է նաև իր անունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, որ Կիպրոսում Տիգրան Սարգսյանի և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արք.Կճոյանի անունով օֆշորային ընկերություն է գրանցվել, սակայն թե Սարգսյանը, թե Կճոյանը հայտարարել են, որ տեղյակ չեն, թե իրենց անուններն ինչպես են հայտնվել այդ ընկերության համասեփականատերերի ցուցակում: Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Քլիրիդիսն իր հերթին հայտարարել էր, որ անհնար է կղզում ընկերություն գրանցել` առանց բաժնետերերի գիտության: Ավելի վաղ Տիգրան Սարգսյանը դիմել էր Հայաստանի գլխավոր դատախազություն` առաջարկելով ուսումնասիրել այդ գործը: