ՙԷըր Արմենիա՚ ավիաընկերությունը ձեռնամուխ է եղել Երևան-Մոսկվա կանոնավոր չվերթների իրականացմանը:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել են ընկերությունում, առաջին կանոնավոր չվերթն իրականացվել է հոկտեմբերի 27-ին` ՙԲոինգ 737-500՚ ինքնաթիռով: Սկզբնական փուլում Երևան-Մոսկվա ուղղությամբ կիրականացվի օրական մեկ չվերթ, իսկ նոյեմբերի 10-ից նախատեսվում է իրականացնել օրական երկուսը չվերթ:
ՙԷըր Արմենիայում՚ հաղորդել են, որ առաջին կանոնավոր չվերթի առանձնահատկությունը եղել է այն, որ Մոսկվայից Երևան է թռել մոսկովյան տուրօպերատորների խումբ` Հայաստանի տեսարժան վայրերին ծանոթանալու համար: Ճանաչողական շրջագայության շրջանակում մոսկվացի տուրօպերատորները կայցելել Ծաղկաձոր, Դիլիջան, Ջերմուկ` դեպի Հայաստան տուրիստական ուղևորություններ կազմակերպելու համար: Ընկերությունում նշել է, որ ներգնա զբոսաշրջության զարգացումը կլինի ավիաընկերության գործունեության առաջնային ուղղություններից մեկը:
Հիշեցնենք, որ ՙԷըր Արմենիա՚ ավիաընկերությունը հոկտեմբերի 23-ին իրականացրել է Դոնի Ռոստով-Երևան առաջին չարտերային չվերթը: Ընկերությունը թույլտվություն ունի իրականացնելու թռիչքներ դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սամարա, Սոչի, Կրասնոդար և Դոնի Ռոստով:
Ինչպես ավելի վաղ լրագրողներին հաղորդել էր ընկերության նախագահ Վահան Հարությունյանը, 2014 թվականի ամռանն ընկերությունը մտադիր է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը և այդ նպատակով նախատեսում է լիզինգով ձեռք բերել լրացուցիչ օդանավեր: Մինչև տարեվերջ ՙԲոինգ 737-500՚-ից բացի նախատեսվում է լիզինգով վերցնել երկու Ա-320 ինքնաթիռ:
Նշենք, որ ՙԷըր Արմենիա՚ ՓԲԸ ստեղծվել է 2003 թվականի ապրիլին և մինչև 2013 թվականն իրականացրել է օդային բեռափոխադրումներ: