Այսօրվանից Հայաստանում սկսվում է թավշե հեղափոխություն, հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ելույթ ունենալով Աբովյանում ոչ իշխանական եռյակի /ՙԺառանգություն՚, ՙԲարգավաճ Հայաստան՚, Հայ ազգային կոնգրես/ հանրահավաքին:
Նա հայտարարել է, որ այսօր Հայասստանը կառավարում է հանցախումբ, բայց արդեն սկսվել է երկիրը նրանցից մաքրելու գործընթացը: ՙԱմեն տարի այդ հանցախումբը ժողովրդից գողանում է $2,5 մլրդ: Տեսեք, թե ում են նշանակում պատասխանատու պաշտոններում` մարդասպանների և բռնավորների: Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի այսօրվա նշանակումը դրա վառ օրինակն է՚,- նշել է Զուրաբյանը` ավելացնելով իշխանությունները սպառել են իրենց: Նա կրկին ընդգծել է, որ քանի դեռ այդ ռեժիմը չի հեռացվել, Հայաստանը չի զարգանա:
ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է օր առաջ ազատվի այդ իշխանություներից: ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը նշել է, որ այսօր տարբեր գաղափարախոսություն ունեցող երեք քաղաքական ուժեր համախմբվել են հանուն ՙգործող հանցավոր ռեժիմից Հայաստանի փրկության՚:
Հանրահավաքն ավարտվել է հավաքվածների` ՙՍերժիկ, հեռացի’ր՚ բացականչություններով:
Նշենք, որ հոկտեմբերի 10-ին Երևանում տեղի է ունենալու ոչ իշխանական եռյակի ամփոփիչ հանրահավաքը: Սակայն, կմասնակցեն արդյոք հանրահավաքին վերջինիս առաջնորդները, դեռ պարզ չէ: