2014թ. մայիսի
19-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ին, որը բորսայի անդամ է 2007թ.-ի
սեպտեմբերի 14-ից, շնորհել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի
պարտատոմսերի տասներորդ թողարկման (NMCCB2A) շուկա ստեղծողի կարգավիճակ: Այս մասին
ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, Արմսվիսբանկը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա
բորսայի անդամ է 2007 թվականի սեպտեմբերի 14-ից: Որպես Շուկա ստեղծող Արմսվիսբանկը
կապահովի Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ`
նպաստելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությանը: Հարկ է նշել, որ
Արմսվիսբանկը շուկա ստեղծողի գործառույթներ է իրականացնում նաև «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ
բաժնետոմսերի (AHEK) համար, որնք ցուցակված են Բոսայի բաժնետոմսերի երկրորդային
(B) ցուցակում:
Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 15-ին Ազգային Հիփոթեքային
Ընկերության 1 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով,
36 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի 10% եկամտաբերությամբ պարտատոմսերը
ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, ընգրկելով հիմնական Abond ցուցակում,
ինչպես նաև թույլատրվեցին հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը:
Նշենք, որ Ազգային
Հիփոթեքային Ընկերությունը Հայաստանի կապիտալի շուկա է դուրս եկել 2011-ի
նոյեմբերից, 1 մլրդ.դրամ ծավալով էմիսիայով և 9.6% եկամտաբերությունով: Ներկայումս
բորսայում շրջանառվում են ընկերության միանգամից երեք տրանշերի կորպորատիվ
պարտատոմսերը: Հարկ է նշել, որ Հայաստանում այլնտրանքային ֆինանսական գործիքների
գծով տոկոսադրույքերը դեռևս գրավում են կորպորատիվ պարտքի թողարկողներին: 2014-ի
մայիսի 1-ի դրությամբ դրամային կարճաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքերը
կազմել են 9.1%, պետական կարճաժամկետ պարտատոմսերինը` 7.9%, իսկ պետական
երկարաժամկետ պարտատոմսերինը` 9.7%:
Նշենք նաև, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հիմնադրվել է որպես փակ
բաժնետիրական ընկերություն` 2004թ. հոկտեմբերի 7-ին և ՀՀ ԿԲ-ից ստացել է բանկային
գործունեության թիվ 84 արտոնագիրը` 2005թ. փետրվարի 25-ին: Բանկի բաժնետերերն
են շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիր,
100% սեփականատեր և Գործադիր տնօրեն Վարդան Սիրմաքեսը և «ԲԵԼԵԳԻՆԳՍՄԱՉԵՓԻՋ
ՋՈՆԳՈ» ՍՊԸ՝ համապատասխանաբար 80% և 20% մասաբաժիններով:
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը գործունեություն է ծավալում երեք հիմնական
ուղղություններով` կորպորատիվ, ներդրումային և անհատական բանկային
ծառայությունների ոլորտում:
Ազգային
Հիփոթեքային Ընկերությունն ստեղծվել է 2009 թվականի հունիսի 16-ին: Ընկերության
կողմից իրականացված վերաֆինանսովորման ընդհանուր ծավալը 2014-ի ապրիլի 23-ի
դրությամբ կազմել է 36 մլրդ.դրամ (4482 վարկ): 2014-ի ապրիլի 1-ի դրությամբ
ընկերության ակտիվները կազմել են 31.6 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը` 10.8 մլրդ.
դրամ, չբաշխված շահույթը` 1.6 մլրդ.դրամ: