Ադրբեջանի զինված ուժերը պատրաստ են պարտության մատնել Հայաստանին, ՙԱզերթաջին՚ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հաղորդում է Turan-ը:
ՙՄենք ունենք Հայաստանի տարածքում ցանկացած օբյեկտ և բնակավայր ոչնչացնելու բոլոր հնարավորությունները: Սակայն, ներկա իրավիճակում Հայաստանի խաղաղ բնակչությունը մեղավոր չէ, և դա զսպում է մեզ՚,- ասել է Հասանովը: Անդրադառնալով շփման գծում լարվածությանը`նախարարն ասել է, որ դրա պատճառը ՙՀայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի շարունակվող օկուպացիան է՚: ՙՀայերը գնդակոծում են մեր դիրքերը, փորձում հետախուզական-դիվերսիոն գործողություններ իրականացնել, դիպուկահարները կրակում են մեր խաղաղ բնակիչների վրա: Այդ պատճառով թշնամու հետ հարկավոր է խոսել իր լեզվով, և մենք անում ենք դա, մենք վրեժխնդիր ենք լինում մեր շեհիդների համար՚,- հայտարարել է Հասանովը:
Այնուհետև նախարարը հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեի տարբերության մասին: ՙՎերջին շրջանում Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելացել է 20 անգամ, մինչդեռ Հայաստանի ռազմական ծախսերը 2014 թ. 5,3 անգամ պակաս են մեր ռազմական բյուջեից՚: Նրա խոսքով, վերջին 10 տարում ձեռքբերված սպառազինությունը և տեխնիկան լուրջ գերակշռություն են ստեղծել հօգուտ Ադրբեջանի: