Արտենի կայարանի երկաթուղու գծերից մեկի ապամոնտաժումը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով հիմնավորված և նախապես պլանավորված աշխատանք է: Այս մասին ասվում է տվյալ գործողությունների անօրինականության վերաբերյալ որոշ ԶԼՄ-ների կողմից տարածված ինֆորմացիայի առնչությամբ ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դավթյանի մեկնաբանության մեջ:
Նրա խոսքով, ապամոնտաժման հիմնական և միակ պատճառն այն է, որ տվյալ հատվածում փոխադրման աշխատանքների լիարժեք իրականացման համար բավական է միայն մեկ գիծ ունենալը: Բացի այդ, Հարավկովկասյան երկաթուղու օրակարգում չկա որևէ կետ Արտենի կայարանի լուծարման, ինչպես նաև աշխատակիցների կրճատման մասին: Խոսելով այն մասին, որ իբր քանդելու աշխատանքները ռուսական կողմն է կատարում՝Վ. Դավթյանն ընդգծել է, որ ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ-ում չկան ռուսական ու հայկական կողմեր: Կա տնտեսվարող սուբյեկտ՝ ռուսական ընկերության դուստր ձեռնարկություն, որը ղեկավարվում է թե՛ հայ, թե՛ ռուս երկաթուղայինների կողմից: ՙԲոլորն էլ մեկ խնդիր են լուծում՚,- ասել է նա: ՙԱվելին, չգիտես ինչու, որևէ մեկը որոշել է շահարկել Արտենի-Արագած միավորված կայարանի պետի ժամանակավոր պաշտոնակատարի անունը: Արթուր Առաքելյանը ոչ միայն հանդես չի եկել նման հայտարարություններով, այլև ընդհանրապես չի շփվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՚,- նշվում է մեկնաբանության մեջ: